Ներքին 5 տարի առաջ - 14:09 25-06-2021

Անընդունելի է հասարակության մեջ թշնամանքի հրահրումը. ԱՀ ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում անընդունելի են համարում հասարակության մեջ ատելության և թշնամանքի սերմանումն ու հրահրումը:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը բոլորիս կանգնեցրել է աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր մարտահրավերները հաղթահարելու, անվտանգության սպառնալիքները դիմագրավելու և պատերազմի հետևանքով ի հայտ եկած կենսական խնդիրների լուծման պարտադրանքի առջև:

Մեզ համար գերական և թանկը հայրենիքն է, հայրենիքի պահպանումը, կորցրածի վերանվաճումը և արցախցու իրավունքի վերականգնումը հայրենի հողում ապրելու, զարգանալու և բարգավաճելու ուղղությամբ:

Պատերազմի ավարտից հետո նկատելի են բևեռացումներ, որոնք ուղեկցվում են պիտակավորումներով: Հանրության տարբեր շերտեր անհարկի վիրավորանքների թիրախ են դարձել. սպառնալիքներ են հնչում և հայի միասնականության ոգուն անհարիր երևույթներ դրսևորվում:

Մեր կողմից անընդունելի և դատապարտելի է ազգին համախմբող բարոյական և պետական հիմքերի խարխլումը, հասարակության մեջ ատելության և թշնամանքի սերմանումն ու հրահրումը, որի արդյունքում ի հայտ են գալիս արհեստածին, լարված իրավիճակներ: Հատկապես վտանգավոր են այն հայտարարությունները, որոնք կարող են սեպ խրել Արցախի և Հայաստանի քաղաքացիների միջև:

Կոչ ենք անում բոլորին իրենց կարծիքն ու մոտեցումները արտահայտելու գործում լինել հավասարակշիռ, հանդուրժող և հարգալից մոտեցում ցուցաբերել միմյանց նկատմամբ: Միասնականությունը մեր հայրենիքին պատուհասած այս դժվարին օրերին կարևոր շաղախն է մեր կորցրածը հետ բերելու, այս ծանր ճգնաժամը հաղթահարելու և ի վերջո ապագայի նկատմամբ հայ ժողովրդի հավատը վերականգնելու համար:

Համոզված ենք, որ խորհրդարանը, լինելով հանրության կողմից ձևավորված քաղաքական մարմին, կարող է ծառայել որպես երկխոսության լավագույն հարթակ հանրային պահանջները ներկայացնելու, ինչպես նաև քաղաքական և հասարակական կառույցների տեսակետները առարկայական դարձնելով և գործնականի վերածելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում