Արտաքին 5 տարի առաջ - 14:56 08-06-2021

Ամերիկան վերադարձել է. ԵԽ ղեկավարը՝ Եվրոպա Բայդենի շրջագայության մասին

Եվրոպայի խորհրդի ղեկավար Շարլ Միշելը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շրջագայությունը Եվրոպա կլինի ազդանշան այն բանի, որ Վաշինգտոնի հարաբերությունները դաշնակիցների հետ հաղթահարել են Դոնալդ Թրամփի կառավարման տարիները: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Միշելի կարծիքով, Բայդենի այցը հիմք կդնի վերականգնելու տրանսատլանտյան համագործակցությունը:

«Ամերիկան վերադարձել է»,- հայտարարել է նա:

«Դա նշանակում է, որ մենք կրկին շատ ուժեղ գործընկեր ունենք բազմակողմանի մոտեցումների առաջխաղացման համար. մեծ տարբերություն կա Թրամփի վարչակազմի հետ»,- հավելել է Եվրախորհրդի նախագահը:

Ինչպես հայտնի է, Բայդենի այցը Եվրոպա կսկսվի հունիսի 10-ին: Նա կմասնակցի Բրիտանիայում G7 գագաթնաժողովին և Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Նրա ուղևորությունը Եվրոպա կավարտվի Ժնևում հունիսի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններով: