Արտաքին 3 ժամ առաջ - 12:26 19-10-2026

Կողոպտիչները ջախջախել են Մարսելի պաշտոնական խանութը. ակումբը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ. Armsport

Ֆրանսիայում կյանքի թանկացման, գնաճի, վառելիքի գների բարձրացման և կրթական համակարգի խնդիրների դեմ սկսված համազգային բողոքի ակցիաները վերածվել են զանգվածային անկարգությունների, ոստիկանության հետ բախումների և համատարած թալանի։ Ամենաթեժ կետերից մեկը դարձել է Մարսելը, որտեղ կողոպտիչների թիրախում է հայտնվել նաև «Օլիմպիկ Մարսել» ֆուտբոլային ակումբի պաշտոնական խանութը։

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը տասնյակ մարդիկ հարձակվել են Մարսելի կենտրոնական Կանեբիեր փողոցում գտնվող ակումբի պաշտոնական խանութի վրա։ Սոցիալական ցանցերում և տեղական մեդիայում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են անկարգությունների մասնակիցները ջախջախում ցուցափեղկերը, ներխուժում ներս և թալանում խանութը։

Երկուշաբթի առավոտյան ֆրանսիական ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով կատարվածը.

««Օլիմպիկ Մարսելն» ամենայն խստությամբ դատապարտում է բռնության և կողոպուտի այն գործողությունները, որոնց թիրախում է հայտնվել Կանեբիեր փողոցում գտնվող մեր պաշտոնական խանութը, և իր համերաշխությունն է հայտնում խանութը շահագործող գործընկերոջը՝ Puma ընկերությանը։ Այս իրադարձությունները զգալի նյութական վնաս են պատճառել, ինչի հետևանքով ակումբը ստիպված է ժամանակավորապես փակել խանութն այցելուների համար։

Այդուհանդերձ, երկրպագուները կարող են շարունակել օգտվել քաղաքում գործող մեր մյուս պաշտոնական խանութներից։ Ակումբը լրացուցիչ կտեղեկացնի խանութի վերաբացման մասին, երբ հանգամանքները թույլ տան։ «Մարսելը» նաև շնորհակալություն է հայտնում Puma-ի և ակումբի աշխատակիցներին, որոնք առաջին իսկ վայրկյաններից բացառիկ սառնասրտություն և պրոֆեսիոնալիզմ են դրսևորել իրավիճակին դիմակայելու համար»,— նշված է ակումբի հաղորդագրության մեջ։

30 հազար կողոպտիչ և ջախջախված քաղաք. իրավիճակը Մարսելում
AFP-ի փոխանցմամբ՝ Մարսելում տիրող իրավիճակն աննախադեպ է եղել։ Ոստիկանության պրեֆեկտուրան քաղաքում հաշվառել է ավելի քան 30 հազար կողոպտիչի, որոնցից 8 հազարն անկարգությունների ամենաթեժ պահին մասնակցել են ակտիվ ջարդերին։ Ցուցարարները ներխուժել են անգամ քաղաքապետարանի նախասրահ և հարձակվել մունիցիպալ ոստիկանության կենտրոնական բաժանմունքի վրա։

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը խոստովանել է, որ քաղաքը ավերվել է, քանի որ հնարավոր չի եղել ապահովել հասարակական կարգը։ Տարածաշրջանի ղեկավարության գնահատմամբ՝ հարձակման են ենթարկվել հարյուրավոր առևտրի կենտրոններ՝ սկսած համեստ հագուստի սրահներից, օպտիկայի և հեռախոսների խանութներից մինչև ոսկու սրահներ ու համաշխարհային բրենդների (Rolex, Louis Vuitton, Chanel, Lacoste) բուտիկներ։ Անվտանգության աշխատակիցների խոսքով՝ «ջարդարարները հանգիստ առևտուր էին անում՝ առանց վճարելու, մինչև այլևս գողանալու ոչինչ չմնաց»։

Տուժել է նաև ֆրանսահայ գործարար

Անկարգությունների ընթացքում տուժել է նաև Մարսելում հայտնի «Armenak» հագուստի և կոշիկի բրենդի հիմնադիր, 68-ամյա Շառլ Քումրույանը։ Հայ գործարարը շաբաթ օրը փորձել է անձամբ կանգնեցնել իր խանութ ներխուժած մոտ հիսուն ջարդարարների, սակայն ենթարկվել է բռնության։

«Գործ ունեի օրենք ու բարոյականություն չճանաչող երիտասարդների հետ։ Նրանք հրեցին ինձ, ես ընկա գետնին, ու նրանք անցան վրայովս՝ տրորելով ինձ»,— պատմել է Քումրույանը՝ նշելով, որ տեղի ունեցածից հետո բարոյապես ջախջախված է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ից Փարիզում և Ֆրանսիայի մյուս քաղաքներում մեկնարկած ցույցերին, ըստ ներքին գործերի նախարարության, մասնակցել է 550 հազար, իսկ ըստ կազմակերպիչների՝ մինչև 800 հազար մարդ։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը, ով երկուշաբթի օրը ժամանել է Մարսել, հայտնել է երկրի մասշտաբով ավելի քան 2000 ձերբակալվածների մասին՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդերին ու կողոպուտին մասնակցած բոլոր անձանց։

Աղբյուրը՝ Armsport.am: