Ներքին 5 տարի առաջ - 11:21 28-05-2021

Թե ինչպիսին կլինի մեր Հայրենիքը կախված է յուրաքանչյուրիցս. ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:

ՀՀ նախագահի ուղերձը ստորև.

«Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձն է:Առաջին հանրապետությունը նշանակալից իրադարձություն էր մեր ժողովրդի կյանքում՝ անկախ պետականության վերականգնում ինքնիշխանության համար երկարամյա պայքարից հետո: Այն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երբ միասնական ենք, կարողանո՛ւմ ենք հաղթել:

Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծվեց այնպիսի պայմաններում, երբ վտանգված էին մեր ինքնությունն ու ֆիզիկական գոյությունը, վտանգ, որ կանխվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում, մեր միասնության ու անձնազոհության շնորհիվ:

Այսօր մենք կանգնած ենք բարոյականության ու արժանապատվության Սարդարապատի շեմին, ճակատամարտ, որի միայն հաղթակա՛ն արդյունքը կարող է երաշխավորել ամուր պետականություն և զարգացման հեռանկար:

Այսօր կարիք ունենք սթափ դատողության ու առողջ մտածողության, կարիք ունենք պատմության դասը սերտելով՝ նորովի գիտակցելու, որ Հայրենիքը որպես իրականություն կարող է ապրել միայն անկախ պետականության տեսքով, որ անկախ պետականությունը ձեռք է բերվում և պաշտպանվում դժվարությամբ, որ շատ ժողովուրդներ այսօր էլ երազում են դրա մասին:

Անկախ պետականությունը մեր ինքնության ու ազգային շահի գիտակցումն է, հանուն որի ի զեն էր ելել մեր ժողովուրդը՝ բանակն ու աշխարհազորն ավելի քան 100 տարի առաջ: Դրա կարիքը կա բոլոր ժամանակներում՝ ինչպես Հայաստանի առաջին հանրապետության օրոք էր, այնպես էլ այսօրվա Հայաստանի հանրապետության ժամանակ, և դրա կարիքը կլինի նաև վաղվա Հայաստանի Հանրապետությունում:

Անկախ պետականությունը մեր սահմանների անձեռնմխելիությունն է ու անսակարկելիությունը, որոշում կայացնելու և այն իրագործելու մեր կարողությունը, անվտանգություն ապահովելու և խաղաղություն թելադրելու մեր ունակությունը:

Մենք պետք է կարողանանք ոչ միայն հաղթել, այլև խորությամբ հասկանալ, թե ինչպես վարվել այդ հաղթանակի հետ:

Պետք է կարողանանք հաղթանակը լցնել մնայուն բովանդակությամբ ու վերածել հաջողությունների:

Պետք է կարողանանք խորությամբ հասկանալ և ընկալել՝ ինչ է տեղի ունեցել երեկ, ինչ է տեղի ունենում այսօր և արձագանքել ու գործել համարժեք:

Պետք է կարողանանք կանխատեսել և կառավարել այն, ինչ կարող է լինել վաղը:

Պետք է կարողանանք սթափ վերլուծել մեր անհաջողությունների պատճառները, այդ թվում՝ Առաջին հանրապետությունից ցայսօր, և աշխատել սեփական սխալներն ուղղելու վրա, մշակել հստակ տեսլական և զարգացման ծրագրեր:

Ես հավատում եմ, որ կարո՛ղ ենք հասնել այնպիսի ձեռքբերումների, որոնք դեռ երեկ անհնարին էին թվում, կարո՛ղ ենք իրականությունը համապատասխանեցնել մեր ցանկությանը, կարո՛ղ ենք կյանքի կոչել այն երազանքը, որն առաջին հայացքից թվում է անհասանելի:

Թե ինչպիսին կլինի մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, կախված է մեզնից, յուրաքանչյուրիցս: Իսկ Հայրենիքը կլինի այնպիսին, ինչպիսին այն կդարձնենք միասին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ Արցախը:

Կեցցե՛ մեր ժողովուրդը»:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է