Ուղիղ եթեր
Խոսք 5 տարի առաջ - 12:16 23-05-2021

Genesis Armenia-ն հրատապ հայտարարություն է արել երկրում ստեղծված վիճակի և անվտանգային սպառնալիքների վերաբերյալ

Genesis Armenia համահայկական գիտավերլուծական հիմնադրամ/ուղեղային կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում հրատապ հայտարարություն է տարածել՝ իր մտահոգությունը հայտնելով երկրում ստեղծված վիճակի և անվտանգային սպառնալիքների վերաբերյալ։

Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ․

«Genesis Armenia համահայկական գիտավերլուծական հիմնադրամ/ուղեղային կենտրոնը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության (Հայաստան, ՀՀ) դեմ Ադրբեջանի Հանրապետության (Ադրբեջան, ԱՀ) շարունակվող զինված հարձակումը, ՀՀ տարածք ներխուժած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների սադրիչ և սպառնալից գործողությունները, դրանք համարում՝

1- միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, նորմերի ու միջպետական հարաբերությունների կոպտագույն խախտում,

2- ԱՀ և նրա դաշնակից Թուրքիայի՝ պետականորեն կազմակերպված, համակարգված և իրագործված հակահայ քաղաքականության շարունակություն,

3- ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված ՀՀ իշխանության անկարողության ու անգործության դրսևորում, անպատասխանատու, չհաշվարկված և ոչ հետևողական քաղաքականության արդյունք, որն իրական սպառնալիք է հայկական զույգ պետությունների և հայության գոյության համար:

Հիմք ընդունելով, որ՝

- ՀՀ իշխանության ստորագրած ցանկացած փաստաթուղթ կամ միջազգային պայմանագիր, որն իր բնույթով քաղաքական է կամ վերաբերվում է մարդու իրավունքների պաշտպանությանը պետք է ներկայացնել ՍԴ, այնուհետև ԱԺ քննարկմանը, իսկ ՀՀ ինքնիշխան և տիտղոսային տարածքների փոփոխության վերաբերյալ փաստաթղթերը կարող են ստորագրվել միայն հանրաքվեից հետո,

- ՀՀ և նրա քաղաքացիների անվտանգությանն առնչվող ցանկացած գաղտնի պայմանավորվածության կամ արկածախնդիր հայտարարության իրագործումը չափազանց ռիսկային է և պարունակում է անվտանգային անդառնալի կորուստներ,

- 2021 թ. մայիսի 17-ին ՀՀ ԱԺ-ում և Կառավարությունում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի արած բանավոր հայտարարությունը, թե պատրաստվում է Ադրբեջանի նախագահի հետ ստորագրել երրորդ հայտարարություն, որով ՀՀ և ԱՀ միջև տեղի է ունենալու գծանշում և տեղորոշում (դեմարկացիա և դելիմիտացիա),

- ՀՀ միջպետական հարաբերությունների կարգավորման համատեքստում սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ ՀՀ Բարձր դատարանը՝ ՍԴ-ն, ունի նախադեպային որոշում՝ 2009 թ. ՀՀ-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման և միջպետական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ,

Genesis Armenia-ն ՀՀ իշխանությունից պահանջում է՝

- Անհապաղ դադարեցնել 2020 թ. նոյեմբերի 9-ին հրապարակված, ՀՀ, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերը չսպասարկող հայադավ Հայտարարության (Միջազգային պայմանագրի, Փաստաթղթի) հրապարակված և գաղտնի պահվող (մասնակի կամ ամբողջական) կետերի կամ բանավոր պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

- ՑԱՆԿԱՑԱԾ տարբերակով անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ՀՀ տարածք ներխուժած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերման համար։

- Դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և ապահովել անվտանգային համապատասխան բանաձև, որը կստիպի ագրեսոր Ադրբեջանին՝ զորամիավորումներն անհապաղ դուրս բերել ՀՀ տարածքից և/կամ հայտարարել համազգային մոբիլիզացիա և պատրաստվել՝ դիմակայելու ՀՀ միջազգային իրավասուբյեկտայնությունը վիճարկող, ՀՀ տարածքային ամբողջությունը ոտնահարող ագրեսորին:

- Դադարեցնել ՀՀ և ԱՀ միջև գծանշման և տեղորոշման աշխատանքներն սկսելու վերաբերյալ խորհրդակցությունները կամ պայմանավորվածությունները, դրանք դարձնել հրապարակային, ստուգել նման հայտարարությունների սահմանադրականությունը:

- Տարածաշրջանում կոմունիկացիաներն ապաշրջափակելու ԱՀ պաշտոնական հայտարարություններն ընդունել ի գիտություն, սառեցնել ՀՀ մասնակցությունը դրանց իրագործմանը կամ գաղտնի քննարկումները նվազագույնը մինչև Ադրբեջանի զորքերի դուրսբերումը ՀՀ սահմաններից և այդ հարցերի հայաստանանպաստ և հայանպաստ լուծումների քննարկումը թողնել ՀՀ-ում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվող իշխանությանը՝ բացառելով նման քննարկումների իրականացումը պարտված կառավարության կողմից՝ օտարերկրյա պետության կողմից ուժի սպառնալիքի ներքո:

- ՀՀ և Արցախի Սահմանադրություններով ամրագրված այն տարածքները, որոնք 2020 թ. սեպտեմբերի պատերազմի հետևանքով անցան Ադրբեջանի հսկողության տակ, դրանք համարել օկուպացված՝ մինչև Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցումը»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ