Ուղիղ եթեր
Մամուլ 5 տարի առաջ - 08:15 08-05-2021

Փաշինյանն իրագործում է իր «և այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը՝ ոչնչացնելով մյուսներին․ 168 Ժամ

168 ժամ թերթը գրում է. «Իր պաշտոնավարման շուրջ երեք տարիներին հիմնահատակ կամ դեռեւս մասամբ ավերելով պետական ու հանրային կյանքի շատ կառույցներ, Նիկոլ Փաշինյանը լուրջ հաջողություն է արձանագրել նաեւ երկրում հեղինակության ինստիտուտի վարկաբեկման գործում։ Խոսքն առաջին հերթին՝ պետական, քաղաքական այրերի, բայց նաեւ մտավորականների, մասնագիտական հանրություններում հեղինակություն ունեցող անձանց, գլոբալ իմաստով՝ էլիտայի վարկաբեկման մասին է։

Ամենացայտուն օրինակը Հայաստանի նախկին երեք նախագահների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վերաբերմունքն է։ Հանուն այսրոպեական քաղաքական շահի ու հերթական պոպուլիստական դիվիդենտի՝ նրանք ուղղակի հողին են հավասարեցնում երկրի նախկին ղեկավարներին՝ հարգանքի նշույլ իսկ չցուցաբերելով՝ եթե ոչ անձերի, ապա գոնե՝ ինստիտուտների նկատմամբ։

Փաշինյանի ու նրա սպասարկուների մոլուցքն այս հարցում ինքնամոռաց է ու կույր․ նրանք կանգ չեն առնում ոչ միայն իրենց հակառակորդ համարվող քաղաքական թիմերի առաջնորդների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ ամենակեղտոտ քարոզչական պայքարում, ինչը խիստ վերապահումներով կարելի էր աննորմալ, այդուհանդերձ, հասկանալի համարել, այլ նույնն անում են նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, մարդու, ով իրապես եղել է նրանց մեծամասնության քաղաքական նշաձողը, իդեալն ու պաշտամունքի առարկան։

Խնդիրը տվյալ դեպքում ոչ այնքան նախկին նախագահների անձերն են, որքան նրանց ներկայացրած ինստիտուտները, որոնց նկատմամբ գոնե տարրական հարգանքն ինստիտուցիոնալ հիշողության ու պետականության ավանդույթի անբաժանելի մասն է։

Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի համար կարեւորը ոչ թե պետությունն է, այլ իշխանությունը, նա պատրաստ է առնվազն խոսքի մակարդակում իր իշխանության հակառակորդների նկատմամբ գտնվել բազմապատիկ ավելի անողոք, քան, ասենք, Իլհամ Ալիեւի կամ Էրդողանի մասին արտահայտվելիս։ Մինչդեռ առանց ինստիտուցիոնալ հիշողության ու պետականության ավանդույթների՝ որեւէ երկիր չի կարող հեռանկար ունենալ։ Իսկ առանց հեղինակությունների ինստիտուտի՝ վերը նշված կառուցակարգերն ուղղակի գոյություն չունեն։

Հեղինակությունների դեմ պայքարը Նիկոլ Փաշինյանի աշխարհայացքային ու հոգեբանական բարդույթների արտահայտությունն է։ Նա ցանկանում է, որ երկրում լինի միայն մեկ հեղինակություն, միայն մեկ հերոս, միայն մեկ մեծարանքի օբյեկտ, միայն մեկ իմաստուն, եւ այդ բոլորի կրողը լինի ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։

Նա հետեւողականորեն իրագործում է իր «եւ այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը՝ ոչնչացնելով բոլոր մյուսներին եւ փորձելով զբաղեցնել բոլոր հարցերում միակի ու անփոխարինելիի դերը։

Ըստ ամենայնի, դա նրա մոտ հասել է մտասեւեռման աստիճանի, եւ միակի բարդույթն իրացնելու համար պատրաստ է ոչնչացնել առանց բացառության ամեն ինչ, այդ թվում՝ պետականությունից մնացած փշրանքները։ Իր քանդարարության մեջ վերջնական հաջողության հասնելու դեպքում նա կարող է հավակնել եւս մեկ միակի տիտղոսին՝ Հայաստանը կործանողի ամոթալի, այդուհանդերձ, բացառիկ ու եզակի կարգավիճակին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ