Ներքին 5 տարի առաջ - 16:13 16-02-2021

ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇՎԵԴԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 16-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային ժողովի կայքէջը:

Շնորհավորելով դեսպան Սվենսոնին նշանակման կապակցությամբ` ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կբերի հայ-շվեդական փոխգործակցության ընդարձակման գործում:

Նշելով, որ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեն ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը՝ Արարատ Միրզոյանը կարևորեց այդ ոլորտների բարեփոխումներում Շվեդիայի շարունակական աջակցությունը, ինչպես նաև՝ օժանդակությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի իրականացման գործում:

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների լուծման շրջանակում խորհրդարանի խոսնակը բարձրացրեց հայ ռազմագերիների և գերեվարված անձանց արագ վերադարձի հարցը: Այս տեսանկյունից նա ընդգծեց միջազգային հանրության գործուն քայլերը:

Պատրիկ Սվենսոնն իր հերթին շեշտեց, որ Շվեդիան կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը, իրականացվող բարեփոխումներին իր երկրի աջակցությունը: Նա առանձնացրեց Հայաստանի հետ համագործակցության ուղղությունները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, շուկայական տնտեսություն, շրջակա միջավայր:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ դեսպանը կարևորեց այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը: «Շվեդիան նախագահում է ԵԱՀԿ-ում և կուզենար հասկանալ, թե ինչպես կարող է նպաստել նման հակամարտությունների լուծմանը»,- ասաց դեսպանը:

Նա ևս միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից կարևորեց գերեվարված անձանց վերադարձի հարցը:

Անդրադարձ կատարվեց սույն թվականի մարտի 1-ից ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ամբողջական գործարկմանը, ինչը, ըստ դեսպանի, ՀՀ-ԵՄ հարաբերություններին նոր որակ կհաղորդի:

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվեցին զարգացման հեռանկարները, կարևորվեց միջխորհրդարանական շփումների ակտիվացումը նաև բարեկամական խմբերի մակարդակում, գործարար կապերի ընդլայնումը:

Դեսպանի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրեց մեր երկրում իրականացվող բարեփոխումների օրակարգը:

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում