Ներքին 5 տարի առաջ - 16:47 05-02-2021

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԽԱԽՏԵԼ ԵՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ. ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ռազմական արարքներով խախտել են Գեղարքունիքի մարզում ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված իրավունքը: Այս մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրել է գեյսբուքյան իր էջում.

«Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է գործարարությամբ զբաղվող ընկերության տնօրենից բողոք այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները 2020թ. նոյեմբերի 25-ին ապօրինաբար, պատերազմի սպառնալիքով ներխուժել են ՀՀ կառավարության որոշմամբ իրենց հատկացված այն տարածքը, որտեղ արդեն 20 տարի իրենք իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն՝ դրանով պատճառելով շուրջ 5,000,000 ԱՄՆ դոլարի վնաս:

Բողոքի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ ՀՀ կառավարությունը 2000թ. դեկտեմբերի որոշմամբ ՀՀ-ում իրավական գրանցում ունեցող ընկերությանն է տրամադրել Գեղարքունիքի մարզի Սոթքի լեռնանցքի (Գեղամասար համայնք) շրջանում 200 հա հողամաս և կնքել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը: Հողատարածքը տրամադրվել է էլեկտրական էներգիայի արտադրության համար հողմային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու նպատակով։ Նշված 200 հա հողատարածքից 75 հա-ի վրա ընկերությունը կառուցել է 2 հողմակ:


Այնուհետև, ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է անշարժ գույքի նկատմամբ ընկերության իրավունքը։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի որոշմամբ մինչև 2039 թվականի մայիս ամիսը ընկերությանը տրամադրել է էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա: Դրանից բացի, Սոթք գյուղում գտնող նշված մակերեսով էներգետիկայի գործառնական նշանակությամբ հողամասի նկատմամբ գրանցված ընկերության վարձակալության իրավունքը երկարացվել է մինչև 2048թ. ապրիլ ամիսը:

Կարևոր է արձանագրել, որ 200 հա հողատարածքի հատկացմանը «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հիման վրա, այդ թվում՝ հաշվի առնելով օրենքի այն դրույթը, որը վերաբերում է ՀՀ պետական սահմանային գոտուն և որն էլ սկսվում է ՀՀ պետական սահմանագծից ծավալվել դեպի ՀՀ տարածքի խորքը:
2020թ. սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմից հետո՝ նոյեմբերի 25-ին ադրբեջանական զինված ուժերը՝ զինվորական տեխնիկայով ու զինված ծառայողներով, պատերազմի սպառնալիքով անսպասելիորեն ներխուժել են ընկերության տարածք, և ընկերության աշխատակիցներն այլևս չեն կարողացել մուտք գործել այդ տարածք:
Արդյունքում՝ ինչպես նշվել է Պաշտպանին հասցեագրած բողոքում, գործարար ընկերությունը զրկվել է իրենց հատկացված՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղի 200 հա հողատարածքն օգտագործելու, 75 հա տարածքի վրա կառուցված հողմային էլեկտրակայանից՝ 2 հողմակից ու դրանով ընկերությանը պատճառվել է մոտ 5,000,000 ԱՄՆ դոլարի չափով վնաս: Ընկերությունը հաստատված ծրագրով նախատեսել է ընդհանուր առմամբ ունենալ 23 հողմակ մնացած ողջ 200 հա տարածքի վրա, որի ուսումնասիրություններն արդեն արված են եղել: Այսինքն՝ ընկերությունը զրկվել է նաև առանձնապես խոշոր չափի բաց թողնված օգուտներից, ինչպես նաև տնտեսական գործունեությունը զարգացնելու հնարավորությունից:

Ստացվում է՝ ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ արարքներով, զենքի կիրառության սպառնալիքով ՀՀ քաղաքացի գործարարներին զրկել են միջազգայնորեն երաշխավորված և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքից այն տարածքում, որը նրանց հատկացվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հիման վրա, ինչպես նաև հաստատվել Կառավարությունից անկախ ՀՀ մարմինների որոշումներով:
Նշվածից բացի, այս ամենի արդյունքում իրական սպառնալիքներ են առաջացել նաև բնակիչների կյանքի, առողջության, սեփականության և կենսական կարևորության մյուս իրավունքների համար: Հարցն այն է, որ այդ տարածքները օգտագործվել են նաև արոտավայրերի և խոտհարքի համար, իսկ ներկայում արդեն դա դարձել է անհնար Ադրբեջանի զինված ուժերի նշանառության տակ լինելու պատճառով, ինչը բնակիչների համար լուրջ խնդիրներ է առաջացրել գյուղատնտեսության ու մասնավորապես՝ անասնապահության հարցերով:

Գործարարներն օրինական գործունեությունն իրականացնելու համար իրենց հատկացված տարածքին առհասարակ մոտենալ չեն կարող:
Այս ամենը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հաստատել են Գեղամասար համայնքի բնակիչները և համայնքային մարմինները, դա հաստատվել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավորած պատվիրակության այցի ու Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից տեղում շարունակական ուսումնասիրությունների ընթացքում:

Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ուժերի այս գործողությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել ուժի գործադրման բացահայտ սպառնալիքով, խախտվել են ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը, ինչպես նաև արոտավայրերից ու խոտհարքներից օգտվելու և այլ իրավունքներ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ներկայում ամփոփվում են նշված հարցերը, դրանք կներկայացվեն միջազգային մարմինների ուշադրությանը, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչին՝ կապված Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացված գանգատի հետ»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur