Մամուլ 5 տարի առաջ - 11:26 04-02-2021

ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ԸՆԴԴԵՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ․ 168 ԺԱՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Իշխանությունը հերթական դարակազմիկ նախաձեռնությունն է ներկայացրել, որով ցանկանում է հերթական սահմանափակումը հաստատել մամուլի նկատմամբ․ մի խումբ ուսապարկեր ներկայացրել են օրենքի նախագիծ, ըստ որի՝ այլեւս արգելվելու է անանուն աղբյուրներից տեղեկատվության հրապարակումը։ Առաջին հայացքից խայտառակ ու հակաժողովրդավարական այս նախաձեռնությունն իրականում շատ օրինաչափ է Նիկոլ Փաշինյանի պարագայում։

Անցած շուրջ երեք տարիներին նա հետեւողականորեն զբաղված է եղել ու է՛ ժողովրդավարական բռնապետության հաստատմամբ․ օրենսդիր ու գործադիր իշխանությունների, սահմանադրական դատարանի ուզուրպացիայից, վերջերս էլ նաեւ դատական համակարգի ջհանգիրյանացումից հետո օրինաչափորեն հաջորդը պետք է լիներ մամուլը, քանի որ բռնատիրական համակարգերին ազատ մամուլը հակացուցված է, ինչպես, օրինակ, մտածող պատգամավորը՝ Հայաստանում այսօր գործող խորհրդարանում։

Եվ ահա, Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել իր վերահսկողությունից դուրս գտնվող հերթական, բայց չափազանց կարեւոր ոլորտի գործունեության սահմանափակմանը։ Քաղաքական տրամաբանությամբ նրա քայլերը հասկանալի են․ նա չի հանդուրժում այլակարծությունը եւ ամեն ինչ անում է այն վերացնելու համար։ Խնդիրը, սակայն, ավելի շատ անձնական, բարոյական հարթությունում է։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ինքը՝ որպես լրագրող, ապա՝ որպես խմբագիր, կայացել է առավելապես անանուն աղբյուրներից ստացված տեղեկություններ հրապարակելով։ Դրանց ոչ մեծ մասն է համապատասխանել իրականությանը, բայց դա չի խանգարել, որ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը կայանա՝ որպես «ընդդիմադիր լրագրող»։ Հիմա նա, փաստորեն, պայքարում է իր իսկ կայացմանն այդքան նպաստած հնարավորության դեմ, որը, ի դեպ, ժողովրդավարական հասարակության հիմնաքարերից է։

Այս տեմպերով շարունակելու դեպքում Նիկոլ Փաշինյանը հաջորդիվ փորձելու է օրենքով, հնարավորության դեպքում՝ նաեւ սահմանադրորեն արգելել նաեւ «համաժողովրդական պայքարի» միջոցով իշխանության փոփոխությունը, ճանապարհը, որով ինքը եկել է իշխանության։

Այսպիսով, կա՛մ Նիկոլ Փաշինյանն անհաղթահարելի բարդույթներ ունի սեփական կենսագրության առնչությամբ ու իր անցած ճանապարհն այնքան սխալ է համարում, որ ցանկանում է արգելել դրա կրկնությունը, կամ մտածում է, որ այն, ինչ կարելի էր իրեն, չի կարելի ուրիշ որեւէ մեկի։

Երկու դեպքում էլ խնդիրը դուրս է միայն քաղաքականության շրջանակներից եւ կարիք ունի հոգեբանների բացատրության։ Բայց անկախ հոգեբանական շարժառիթներից՝ արդյունքի առումով պատկերը չի փոխվում․ Նիկոլ Փաշինյանը հաստատուն քայլերով գնում է դեպի բռնապետություն, որի ամենալուրջ հակառակորդը, ինչպես հայտնի է, ճշմարտությունն է։ Իսկ ճշմարտությունը կարող է հայտնվել ոչ միայն հասցեական, այլ, ինչպես սովորաբար պատահում է՝ անանուն։ Հատկապես այնպիսի հասարակություններում, որտեղ ցանկացած ճշմարտության հեղինակի ճնշելու համար օգտագործվում է ողջ պետական համակարգը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում