Երևանում ավտոմեքենաների շահագործման սահմանափակման հարցը կրկին քննարկումների առիթ է դարձել։ Օրեր առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է կասեցնել որոշ ավտոմեքենաների շահագործումը՝ նշելով, որ դրանք մայրաքաղաքում առաջացող խցանումների հիմնական պատճառներից են։ Քաղաքապետի խոսքով՝ համեմատաբար հին ավտոմեքենաներից արտանետումները օդի աղտոտվածության պատճառներից մեկն է և լուրջ խնդիր է։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ի՞նչ վերաբերմունք ունեն քաղաքացիները ավտոմեքենաների շահագործման սահմանափակման գաղափարի վերաբերյալ։
Քաղաքացիներից մեկը նշեց, որ կողմ է ավտոմեքենաների շահագործման սահմանափակմանը, քանի որ առավոտյան ժամերին, հատկապես՝ դասի գնալիս, խցանումները խանգարում են ժամանակին տեղ հասնելուն։
Հարցվածներից մեկն էլ դեմ արտահայտվեց հատկապես հին ավտոմեքենաների շահագործման սահմանափակմանը՝ նշելով, որ ոչ բոլորն ունեն նոր մեքենա ձեռք բերելու ֆինանսական հնարավորություն։ «Մարդը կարող է հնարավորություն չունենալ նորը գնելու, իր հին մեքենայով է սահմանափակվում»,- ասաց քաղաքացին։
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ Երևանում ավտոմեքենաների մեծ քանակը հանգեցնում է օդի աղտոտվածության: «Երևանը շատ փոքր քաղաք է, շատ ավտոմեքենաներ կան, օդը աղտոտվում է, և միայն առողջության ապահովման համար կողմ եմ սահմանափակմանը»,- ասաց նա։
Մանրամասները` տեսանյութում: