Հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանը
Oragir.News-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել իր նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ։ Լրագրողն այս գործով ունի մեղադրյալի կարգավիճակ և պնդում է, որ իր նկատմամբ իրականացվող գործընթացը պայմանավորված է իր լրագրողական գործունեությամբ և քաղաքական հայացքներով։
Աղեկյանի խոսքով՝ ինքը խորքային հետաքննություն է իրականացրել, որի ընթացքում բացահայտել է ենթադրյալ ապօրինություններ, սակայն դրանց վերաբերյալ բարձրաձայնելու փոխարեն թիրախավորվել է հենց ինքը։
Լիլիթ Աղեկյանի հետաքննության համաձայն՝ Գյումրիի Մուսայելյան 84 հասցեում գտնվող համայնքային մանկապարտեզի շենքը տարիներ շարունակ օգտագործվում է ոստիկանների՝ Յաշա և Էդգար Պողոսյանների՝ հոր և որդու ընտանիքների կողմից։
Լրագրողի պնդմամբ՝ մի ամբողջ համայնքային մանկապարտեզի շենքի տնօրինումն իրենց ձեռքը վերցնելու հանգամանքը մինչ օրս պատշաճ արձագանքի չի արժանացել Գյումրիի և Շիրակի մարզի պատասխանատու կառույցների կողմից։
Հետաքննության մեջ նշվում է, որ Յաշա Պողոսյանը նախկինում զբաղեցրել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնը, իսկ նրա որդին՝ Էդգար Պողոսյանը, աշխատել է Մուշի բաժնում։
Լիլիթ Աղեկյանը պնդում է, որ իր լրագրողական հետաքննության արդյունքում բարձրացված հարցերի փոխարեն այժմ ինքն է հայտնվել քրեական հետապնդման ներքո։
Ամիսներ առաջ Աղեկյանը
Oragir.News-ի հետ զրույցում
հայտարարել է, որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում՝ մասնագիտական գործունեության պատճառով։
Նշենք, որ մոտ 4 ամիս առաջ դատարանը Լիլիթ Աղեկյանի ազատությունը 1 տարով
սահմանափակել է։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան