Մամուլ 44 րոպե առաջ - 08:05 14-11-2026

Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում հայ-ռուսական օրակարգում քննարկման առարկա է դարձել երրորդ երկրների հարցումների հիման վրա Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունների հարցը։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավական ընթացակարգերի շրջանակում արտերկրից ներկայացված հարցումներով պայմանավորված կալանավորումներին, որոնց հետևանքով պարբերաբար առաջանում են կապի և հյուպատոսական հասանելիության հետ կապված հարցեր։

Մինչ պաշտոնական Մոսկվան պնդում է, որ առաջադրված մեղադրանքները հաճախ չեն համապատասխանում իրականությանը, և անհրաժեշտ է խնդիրը կարգավորել երկկողմ իրավական մեխանիզմներով, երևույթն աստիճանաբար դուրս է գալիս զուտ իրավական հարթությունից՝ դառնալով միջպետական հարաբերությունների և հանրային քննարկումների զգայուն թեմա։

Արտասահմանյան հարցումների հիման վրա ՌԴ քաղաքացիների՝ արտերկրում ձերբակալությունների համատեքստում Հայաստանը ևս բացառություն չի դարձել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ Ռուսաստանի քաղաքացիներին առաջադրվող մեղադրանքները հաճախ իրականության հետ որևէ առնչություն չունեն։ Նրա խոսքով, դեռևս անցյալ տարի Մոսկվան հայ գործընկերներին էր առաջարկել խնդրի կարգավորման իրավական տարբերակ՝ համապատասխան երկկողմ համաձայնագրի ստորագրման միջոցով, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։ «Ընդ որում, Երևանի քննարկմանը ներկայացված նախագիծը հաշվի էր առնում նաև հայկական կողմի ցանկությունները։

Այդուհանդերձ, մինչ օրս որևէ բովանդակային արձագանք չենք ստացել։ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական իրավիճակի պատանդ։ Ուստի, մենք կշարունակենք այս հարցը պահել հատուկ վերահսկողության ներքո և առավելագույն ջանքեր գործադրել նրանց ազատ արձակման ուղղությամբ», - նշել է Զախարովան՝ այն իրողության ֆոնին, որ տարեսկզբից Հայաստանում արդեն ձերբակալվել է Ռուսաստանի 5 քաղաքացի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։