Մտահոգիչ է, որ ՀՀ իշխանությունը ոչ ադեկվատ վարք է դրսևորում, անվտանգային ռիսկեր ստեղծում։
Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Գերմանիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Իսպանիան և 35 այլ եվրոպական երկրներ համաձայնության եկան եվրոպական անվտանգության հիմնական սկզբունքների շուրջ և դրանք ներառեցին խարտիայի մեջ։ Նախաձեռնությունը Ֆրանսիայինն էր։ Ստորագրողները «ամենախիստ ձևով» դատապարտել են Մոսկվայի «ակտիվացված հիբրիդային արշավները» և արտահայտել են իրենց մտադրությունը՝ հակազդելու այդ սպառնալիքներին և պայքարելու տեղեկատվական միջամտության դեմ։
Հայաստանը չի ստորագրել խարտիան։
Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը Դուբլինում ավելի կարևոր ու հետաքրքիր գործերով էր զբաղված՝ հեծանիվ էր քշում, լուսանկարվում Սուրբ Ծննդյան տոնածառի կողքին։ Անվտանգության խարտիայի մասին լուր չկա նրա լրահոսում։ Նույնիսկ չի պարզաբանում, թե ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու մասին օրենք ընդունածն ինչո՞ւ չի միացել եվրոպական անվտանգության խարտիային։ Անվտանգային խնդիր չունե՞նք այլևս, հիբրիդային սպառնալիքները վերացա՞ն անդարձ։
Անշնորհակալությունը վկայում է մարդու չարության, մերժվածության մասին։ Իսկ իրականության ժխտումը հոգեկան խանգարում է։ Երբ երկրի ղեկավարն է տառապում ժխտման հիվանդությամբ, ապա աղետաբեր սխալներ է գործում, ժողովրդին և պետությանը վնաս պատճառում։
Մի քանի տարի առաջ Հայաստանի նկատմամբ պատերազմի սպառնալիք էին կանխատեսում տեղական ու միջազգային փորձագետները։ Հունիսի 7-ից առաջ Փաշինյանն էր պատերազմ կանխատեսում սեպտեմբերին։ ՀՀ-ն սառեցրել է անդամությունը ՀԱՊԿ-ում։ ՀՀ-ն ՆԱՏՕ-ին միանալու օրակարգ չունի։ Ադրբեջանի պաշտոնյաները չեն ստորագրում խաղաղության պայմանագիրը և շարունակում հակահայ խոսույթը։ Մոսկվան պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի նկատմամբ։ Բոլորը նշում են ՀՀ-ի նկատմամբ ռուսական հիբրիդային սպառնալիքների մասին։ Այսինքն՝ անվտանգային խնդիրները չափազանց շատ են։ Այս իրավիճակում ո՞վ է Փաշինյանին ստիպել, որ չստորագրի եվրոպական անվտանգային խարտիան՝ ՔՊ վարչությունը, նրան իշխանության բերածնե՞րը, ընդդիմության կալանավորված առաջնորդնե՞րը, թե՞ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի զինվորիկները։
Հունիսի 7-ի ընտրություններում ԵՄ-ն ֆինանսական և խորհրդատվական աջակցություն ցուցաբերեց Հայաստանին՝ չեզոքացնելու ռուսական հիբրիդային սպառնալիքները։ Իսկ այսօր ՀՀ-ն չի միանում այդ նույն սպառնալիքները չեզոքացնելու խնդրին վերաբերող խարտիային։ Առաջիկա ընտրություններում ի՞նչ երեսով են ԵՄ-ից աջակցություն մուրալու, որ ռուսական վտանգին դիմագրավեն։
ԵՄ դիտորդներն են կանգնած հայ-ադրբեջանական սահմանին։ Եվրոպական երկրները պաշտպանում են Ուկրաինային իր անկախության համար կռվում։ Նույն վճռականությամբ էլ պատրաստակամություն են հայտնում պաշտպանելու ՀՀ-ն ռուսական կամ ռուս-ադրբեջանական ագրեսիայի պարագայում։ Եթե վաղն այդպիսի ռեալ վտանգ լինի, ի՞նչ երեսով են ԵՄ-ից աջակցություն խնդրելու։
2018-2022-ին ֆորպոստի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վառ ռուսամետ կուրսը աղետաբեր պատերազմի, Արցախի զավթման, հայերի բռնի տեղահանման, կորուստների, ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածների զավթման պատճառ դարձավ։ Այս մասին խոստովանում են իրենք՝ պաշտոնյաները։ Այս առումով՝ Դուբլինում եվրոպական անվտանգության խարտիան չստորագրելը կարող է նոր ռիսկեր ստեղծել Հայաստանի համար։ Այդ ռիսկերը հաշվի չեն առնո՞ւմ։
Կարճ ասած՝ ենթադրելի է, որ Փաշինյանը կա՛մ արհամարհում է գոյություն ունեցող անվտանգային մարտահրավերները, կա՛մ ժխտում է իրականությունն ու չի տեսնում անվտանգային խնդիրները, կա՛մ անշնորհակալություն է դրսևորում ԵՄ գործընկերների հանդեպ, որոնք նկատելի ջանք են գործադրել մեր պետությունը հնարավոր ագրեսիայից, ռուսական հիբրիդային սպառնալիքներից պաշտպանելու հարցում։ Իսկ եթե այս ենթադրությունները սխալ են, ապա Փաշինյանը խաբում է եվրոպական հանրությանը՝ ձևացնելով, թե անկախության և ժողովրդավարության պաշտպան է, այսինքն՝ դեռ հակաքաղաքակրթական գծի վրա է, ինչպես 2018-2022-ին։