Սպորտ 56 րոպե առաջ - 22:42 29-10-2026

Հայաստանի գավաթ. Նոան 120+6-րդ րոպեին խփեց հաղթական գոլն ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վերջին դիմակայությունում գործող գավաթակիր «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում ծանրագույն և դրամատիկ պայքարում 4-3 հաշվով կամային հաղթանակ կորզեց «Սյունիքից»։

Հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Գոդվին Կալուն։ 39-րդ րոպեին Էմանուել Գոդսվիլը կրկնապատկեց «Սյունիքի» առավելությունը։ Տանտերերը երկրորդ խաղակեսում կարողացան բեկել հանդիպման ընթացքը։

Նախ 78-րդ րոպեին Դավիդ Սուալեհեն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ հիմնական ժամանակի վերջին՝ 90-րդ րոպեին, Հելդեր Ֆերեյրան անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ վերականգնելով հավասարությունն ու խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ (2-2)։

Լրացուցիչ ժամանակի 101-րդ րոպեին Սուալեհեն, դառնալով դուբլի հեղինակ, առաջ մղեց երևանյան թիմին։ Հյուրերը չհանձնվեցին և 106-րդ րոպեին Պերճ Պողիկյանի ջանքերով կրկին հավասարեցրին հաշիվը։ Թվում էր՝ հանդիպման ելքը կվճռվի հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով, սակայն 120+6-րդ րոպեին Ֆերեյրան խփեց իր երկրորդ գոլը՝ պարգևելով «Նոային» քառորդ եզրափակիչի ուղեգիր։

Ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգիր էին ապահովել նաև «Վանը», «Միկան», «Փյունիկը», «Ուրարտուն», «Շիրակը» և «Արարատ-Արմենիան»։

Armsport