Ուղիղ եթեր
Սպորտ 1 ժամ առաջ - 20:04 29-10-2026

Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր. Ռոբերտ Արզումանյանի հրաժեշտի խոսքը Ուրարտուից հեռանալուց հետո

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։ Կողմերի միջև գործող պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ։

Պաշտոնական հայտարարությունից հետո Ռոբերտ Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հրաժեշտի գրառմամբ՝ ամփոփելով երևանյան ակումբում անցկացրած ժամանակահատվածը.

«Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր, այլ նաև մարդկանց, գաղափարների, արժեքների ու հարգանքի մասին էր։

Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին՝ միասին կատարած մեծ աշխատանքի, նվիրվածության, մեր գաղափարներին հավատալու և խաղադաշտում դրանք կյանքի կոչելու համար։

Մենք միասին փորձել ենք ստեղծել մեր ֆուտբոլը՝ մեր խաղային ձեռագրով, հստակ ինքնությամբ ու սկզբունքներով։ Ֆուտբոլ, որի հիմքում ոչ միայն խաղի որակն էր, այլև մտածելակերպը, համարձակությունը, պատասխանատվությունն ու հավատարմությունը մեր ընտրած ճանապարհին։

Շնորհակալ եմ հաղթանակների ու դրանց պարգևած զգացմունքների համար, բայց ոչ պակաս՝ դժվար պահերի համար, երբ կարողացանք պահպանել մեր դեմքը, արժանապատվությունը, փոխադարձ հարգանքն ու հավատը միմյանց նկատմամբ։

Ինձ համար միշտ կարևոր է եղել ոչ միայն այն, թե ինչ արդյունքի ենք հասնում, այլև այն, թե ինչպես ենք անցնում այդ ճանապարհը։ Հպարտ եմ, որ անկախ հանգամանքներից՝ մենք փորձել ենք հավատարիմ մնալ մեր ինքնությանը, չհրաժարվել մեր սկզբունքներից, հավատալ ու պայքարել մինչև վերջ։

Առանձնահատուկ շնորհակալություն իմ մարզչական շտաբին, ակումբի աշխատակիցներին, ովքեր իրենց ամենօրյա, հաճախ անտեսանելի աշխատանքով եղել են այս ճանապարհի մի մասը։ Շնորհակալություն նաև մեր երկրպագուներին՝ աջակցության, վստահության և թիմի կողքին լինելու համար։

«Ուրարտուին», ֆուտբոլիստներին և ակումբի աշխատակիցներին մաղթում եմ նոր հաղթանակներ, հաջողություններ և, ամենակարևորը, երբեք չդադարել հավատալ սեփական ուժերին ու գնալ երազանքների հետևից։

Ճանապարհները կարող են բաժանվել, բայց միասին ստեղծած արժեքները, ապրած զգացմունքներն ու փոխադարձ հարգանքը մնում են։ Շնորհակալ եմ բոլորիդ այս ճանապարհի համար»,- գրել է հայ մասնագետը։

Ակումբի մամուլի ծառայությունը նաև տեղեկացնում է, որ «Ուրարտուի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ֆրանսիսկո Կոմպանը։

Armsport