Oragir.News-ը ներկայացնում է հոկտեմբերի 28-ի ամփոփ լուրերը:
Հայաստանի զորավարժարաններից մեկում կառուցվում է վրանային մեծ ավան, որտեղ անցկացվելու է 25-օրյա վարժական հավաքների մասնակիցների նախնական 10-օրյա պատրաստությունը։ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարարի խոսքով՝ ավանում ապահովված են լինելու բարձր մակարդակի պայմաններ, իսկ ծրագրի իրականացման հարցում Հայաստանին աջակցել է Եվրոպական Միությունը։ Պապիկյանը 25-օրյա հավաքները համարել է բանակի վերջին տարիների կարևորագույն բարեփոխումներից մեկը։
Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերը շարունակում են մնալ հանրային քննարկումների առանցքում։
ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների ապագան տարբեր կարծիքների տեղիք է տալիս․ մի մասը կարծում է, որ կազմակերպությունից դուրս գալը կարող է նոր հնարավորություններ ստեղծել երկրի համար, մյուսները՝ լուրջ ռիսկեր են տեսնում։
Առաջարկում եմ դիտել տեսանյութը։
Ազգային ժողովում հերթական թեժ բանավեճն է տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և պատգամավոր Նարեկ Կարապետյանի միջև։
Ռուբինյանը դիմելով Կարապետյանին՝ նշել է, թե դահլիճում կա պատգամավոր, ով կորցրել է հարգանք պահանջելու իրավունքը, քանի որ պարբերաբար վիրավորում է իրենց ընտանիքի անդամներին։ Ի պատասխան՝ Նարեկ Կարապետյանը հորդորել է զսպվածություն ցուցաբերել՝ ընդգծելով․ «Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող է այդ մարդուց շատ քիչ բան մնա․ ես զսպում եմ ինձ հանրության համար»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի գլխավորած պատվիրակությանը։
Փաշինյանը կարևորել է Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակաբաշխության արարողությունը Հայաստանում անցկացնելը, ինչպես նաև անդրադարձել մեր երկրում ընթացող COP17 համաժողովին։ Ի իր հերթինՍաուդյան Արաբիայի արքայազնը նշել է, որ սա իր երկրորդ այցն է Հայաստան վերջին երկու տարում, և ընդգծել է համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հետաքրքրվածությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Սաուդյան Արաբիա դիվանագիտական հարաբերությունների զարգացումը, ներդրումային նոր հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն առնչվող տարածաշրջանային հարցեր։
Տեսանյութ: