Ուղիղ եթեր
Արտաքին 46 րոպե առաջ - 20:18 23-10-2026

Եթե Նեթանյահուն հեռանա, ի՞նչ կսպասվի թուրք-իսրայելական հարաբերություններին

«DW»-ի թուրքական ծառայությունը անդրադարձել է Իսրայելում հոկտեմբերի 27-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին և դրանցում Թուրքիայի զբաղեցրած տեղին։ Ծառայությունը նշում է, որ Բենիամին Նեթանյահուն իր քարոզարշավում Թուրքիան ներկայացնում է որպես «հակադիր ճակատի թշնամի» երկրներից մեկը և ընտրարշավի մի մասն ուղղում է հենց Անկարայի դեմ։

Արտաքին քաղաքականության փորձագետ Սոլի Օզելի գնահատմամբ՝ Թուրքիան Իսրայելում թշնամի է համարվում իր տարածաշրջանային կշռի, Սիրիայում աճող ազդեցության և Համասի հետ մտերմության պատճառով։ Իսրայելում գերիշխող է Թուրքիային «նոր Իրան» որակող խոսույթը։

Անկարան իր հերթին Իսրայելի հետ հարաբերությունների ճգնաժամն ու լարվածությունը հիմնականում կապում է Նեթանյահուի և նրա կառավարության քաղաքականության հետ։ Հենց դրանով է պայմանավորված այն սպասումը, որ իշխանափոխությունը կարող է նոր հնարավորություն ստեղծել։

DW-ի զրուցակիցների գնահատմամբ՝ Նեթանյահուի մնալու դեպքում շփում հաստատելն ավելի դժվար կլինի, մինչդեռ ընդդիմության հաղթանակը կարող է բացել ոչ թե համապարփակ համաձայնության, այլ խնդիրների վերահսկման և շփման դուռ։

Սակայն փորձագետները զգուշացնում են, որ պատկերը այդքան էլ պարզ չէ։ Օզելի կարծիքով՝ երկու երկրների միջև խնդիրները դուրս են Նեթանյահուի անձից և գործող կառավարության կազմից։

Գլխավոր հակասության կետերից մեկը Սիրիան է, որտեղ Իսրայելի և Թուրքիայի շահերը ուղղակիորեն բախվում են, և այդ մրցակցությունը, ըստ փորձագետների, կշարունակվի անկախ ընտրությունների արդյունքից։

Ermenihaber