«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր քննարկվելու է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ TRIPP-ի վերաբերյալ կնքված ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։
Նախագիծը խորհրդարանում ներկայացնելու է արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ TRIPP ընկերությունը Հայաստանի տարբեր գոտիներում կկարողանա հիմնել դուստր ընկերություններ եւ ձեռք բերել կառուցապատման իրավունք։
Ընկերության բաժնետոմսերի 74 տոկոսը կպատկանի ամերիկյան կողմին, 26 տոկոսը՝ ՀՀ-ին։ 49 տարվա ժամկետի ավարտից հետո այն հնարավոր կլինի երկարաձգել եւս 50 տարով»։
--
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավը, կարծես թե, Նիկոլ Փաշինյանի հավանությանն արժանանալու խնդիր ունի։ Չնայած վերջինս այս ընթացքում ակտիվ շրջում է տարբեր բուհերում և մարզերում՝ փորձելով առաջ տանել իր նախաձեռնությունը՝ ընդդեմ ընտանեկան բռնության շարժումը, ստորագրահավաքների ընթացքը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների, այնքան էլ ոգևորիչ չէ։
Իշխանական շրջանակներից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ արշավի նկատմամբ հետաքրքրության ոչ բավարար լինելը կարող է պայմանավորված լինել նաև այն հանգամանքով, որ այն Նիկոլ Փաշինյանի կողմից դեռևս քաղաքական հստակ աջակցություն չի ստացել։
Ստացվում է՝ Աննա Հակոբյանը փորձում է սեփական նախաձեռնությամբ հանրային ակտիվություն ապահովել, սակայն առանց իշխանության առաջին դեմքի հստակ աջակցության՝ գործընթացը ցանկալի արդյունքը չի տալիս։
--
«Իրավունք» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում երեկ որոշում է կայացվել Կոտայքի մարզպետի պաշտոնում առաջադրել ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը։
Նշենք, որ տեւական ժամանակ ՔՊ-ի կուլիսներում շրջանառվում էր, որ Ստեփանյանի խորհրդարանում մնալը կարճ է տեւելու։ Նա վաղուց էր աչք դրել մարզպետի պաշտոնի վրա»։
--