Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 21:02 16-10-2026

Տարածքը գտնվում է 10-բալանոց սեյսմիկ գոտում․ Ամուլսարի շահագործման ամենամեծ ռիսկերը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման շուրջ վերջին զարգացումները, կառավարության հայտարարություններն ու դրանց հաջորդած միջազգային արձագանքը վերստին բորբոքել են հանրային քննարկումները։

Oragir.News-ի հետ զրույցում հայտնի բնապահպան-իրավաբան, փաստաբան Նազելի Վարդանյանը ներկայացրել է ծրագրի իրավական անվավերությունը, էկոլոգիական անդառնալի ռիսկերն ու սոցիալ-տնտեսական այն մանիպուլյացիաները, որոնցով փորձ է արվում հանրությանը համոզել, թե հանքի բացումն այլընտրանք չունի։

Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկի մասին կառավարության հայտարարությունը՝ կանխատեսվող COP17 համաժողովին ընդառաջ, լուրջ դիմադրության է բախվել թե՛ տեղական, թե՛ միջազգային հարթակներում։

Ինչպես նշում է բանախոսը, միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, այդ թվում՝ Global Forest Coalition-ը, արդեն բարձրացրել են բողոքի մեծ ալիք։ Իրավաբանը ցավով արձանագրում է, որ Հայաստանում տարեցտարի թուլացել է բնապահպանական իրավունքների պաշտպանվածությունը։

2005 թ․ Սահմանադրությամբ ամրագրված՝ առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքը դուրս է թողնվել 2015 թ․ խմբագրությունից, թեև ՄԱԿ-ն այն ճանաչում է որպես հիմնարար իրավունք։

Բացի այդ, հայաստանյան դատարաններում բնապահպանական հայցեր ներկայացնելիս առաջանում են լուրջ խոչընդոտներ՝ բույսերի և Կարմիր գրքում գրանցված կենդանիների շահերը դատարանում ներկայացնելու իրավասության բացակայության պատճառով։ Այս պահին Ամուլսարի հարցով ընթացքի մեջ է երեք դատական գործ։ Դրանցից մեկով առաջին ատյանի դատարանն արդեն իսկ կայացրել է դրական վճիռ։

Վարդանյանի խոոսքով՝ Ամուլսարի ծրագրի ամենաթույլ կողմը ուժի մեջ գտնվող ՇՄԱԳ-ի բացակայությունն է, ինչն, ըստ օրենքի, բացառում է ցանկացած հանքարդյունաբերական աշխատանքի իրավաչափ մեկնարկ։

Դեռևս 2012 թվականին ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն՝ մատնանշելով բնության մեջ անփոփոխ 4 հիմնական գործոն, որոնք անտեսելն ուղղակի հանցագործություն է։

Ընկերության և կառավարության կողմից հնչեցվող՝ 4 000 աշխատատեղ ստեղծելու մասին պնդումները Նազելի Վարդանյանը որակում է որպես չափազանցություն և իրականությանը չհամապատասխանող թիվ։

Մանրամասները՝ տեսանյութում։


Հասմիկ Մովսիսյան