Ներքին 1 ժամ առաջ - 19:20 16-10-2026

Բաքվում հայ գերիների դատավարություններն ի սկզբանե ապօրինի են, և դրանցից արդարադատություն ակնկալելը միամտություն կլինի

Բաքվում հայ գերիների նկատմամբ իրականացվող դատավարություններն ի սկզբանե ապօրինի են, և դրանցից արդարադատության միջազգային չափանիշներին համապատասխան ընթացք ակնկալելը միամտություն կլինի։

Այս մասին Երևանում անցկացվող «Վերադարձ հայ գերիներին» միջազգային համաժողովի ժամանակ ասել է միջազգային իրավական հարցերով ՀՀ նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Դատական գործընթացն առաջին հերթին հարթակ է, որտեղ պետությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց դիրքորոշումները հավասար պայմաններում։ Դա հնարավորություն է տալիս դիմակայելու նաև նարատիվների պատերազմին»,– նշել է նա։

Նախկին պաշտոնյայի գնահատմամբ՝ միջազգային դատարաններում կողմերն ունեն իրենց փաստարկներն ու ապացույցները ներկայացնելու հավասար հնարավորություններ, ինչը հատկապես կարևոր է այն իրավիճակներում, երբ իրական կյանքում նրանց հնարավորություններն անհավասար են։ Նա նաև անդրադարձավ Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի փոխհարաբերության մեկնաբանությանը։

«Տարածքային ամբողջականությունից անջատման ձգտումը քրեականացնելը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար տրամաբանությանը, քանի որ տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների ինքնորոշումը փոխլրացնող սկզբունքներ են։ Տարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում, որովհետև ինքնիշխանության իմաստն առաջին հերթին մարդու մասին է»,– ասել է Կիրակոսյանը։

«Միջազգային իրավունքում հայտնի է erga omnes պարտավորությունների հասկացությունը։ Դրանք այնպիսի պարտավորություններ են, որոնց խախտման դեպքում միջազգային հանրության անդամները կարող են պահանջ ներկայացնել խախտում կատարած պետության դեմ՝ անկախ նրանից, թե ով է անմիջական տուժողը»,– նշել է իրավաբանը։