Ներքին 43 րոպե առաջ - 17:36 16-10-2026

COP17-ը պետք է դառնար ոչ թե հերթական PR-արշավը, այլ իրական փոփոխությունների մեկնարկը. Նաիրի Սարգսյան

COP17-ը պետք է դառնար ոչ թե հերթական PR-արշավը, այլ իրական փոփոխությունների մեկնարկը։ Այս մասին գրել է «Հայաստանը ես եմ»‎ քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Երեկ Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց COP17-ը։ Եվ այս իրադարձությունը, թերևս մեր երկրի ներկայիս կառավարման ձևի և բովանդակության ամենաճչացող ցուցիչն է։ Մի կողմից՝ փայլուն ցուցափեղկ, թանկարժեք և գեղեցիկ շոու, մեծ աղմուկ ու PR, մյուս կողմից՝ բովանդակության և իրական արդյունքների լուրջ պակաս։

Ի՞նչ ունենք այդ PR շղարշից այն կողմ․ բաց եղանակով շահագործվող հանքեր, հանքարդյունաբերական թափոններ և դրանցով պայմանավորված՝ չկառավարվող բնապահպանական ռիսկեր, անապատացման ու հողերի դեգրադացիայի ահռելի մասշտաբներ, Սևանա լճի էկոհամակարգի շարունակական վատթարացման ռիսկեր, չկառավարվող աղբավայրեր և թափոնների կառավարման համակարգային խնդիրներ, քաղաքներում օդի որակի վատթարացում, շինարարական փոշի և հասուն, ստվեր ու թթվածին ապահովող ծառերի զանգվածային հատումներ՝ փոխարենը փոքր, դեկորատիվ թփեր։ Խնդիրները կարելի է անվերջ թվարկել։

Ոչ ոք դեմ չէ տնտեսության զարգացմանը, կառուցապատմանը կամ հանքարդյունաբերությանը։ Տնտեսական ակտիվությունը կարևոր է, բայց միայն այն դեպքում, երբ բնապահպանական ռիսկերը պատշաճ կերպով գնահատվում և կառավարվում են։

Կառուցապատումը նորմալ է, բայց երբ շինարարական հրապարակներում անգամ տարրական փոշեպաշտպան միջոցներ չեն ձեռնարկվում, դա արդեն տնտեսական զարգացում չէ, այլ հանրային առողջության անտեսում։
Այս ամենի ֆոնին մեր պետական մակարդակով «հաղթահարված» միակ բնապահպանական խնդիրը պոլիէթիլենային տոպրակները վճարովի դարձնելն էր։ Ոչ աղբն է պակասել, ոչ էկոլոգիան է շահել․ պարզապես քաղաքացու հաշվին բյուջեի մուտքերն են ավելացել։ Այսպիսին է գործող կառավարության «բնապահպանական հաջողությունը»՝ խնդիրը չլուծել, բայց դրա համար քաղաքացուց վճար գանձել։

Ավելին՝ անգամ պաշտոնական հայտարարությունների մակարդակով COP17-ը հաճախ ներկայացվում է ոչ այնքան որպես բնապահպանական ռազմավարությունների, պարտավորությունների և լուծումների հարթակ, որքան զբոսաշրջության զարգացման ու երկրի միջազգային ճանաչելիության բարձրացման հնարավորություն։ Իհարկե, զբոսաշրջության զարգացումն ու միջազգային ճանաչելիությունը կարևոր են։ Բայց դրանք չեն կարող փոխարինել համաժողովի բուն նպատակին՝ բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված իրական հանձնառություններին և գործողություններին։
Այս ամենի հետ մեկտեղ չենք կարող անտեսել նաև միջոցառման կազմակերպման հետ կապված կոռուպցիոն ռիսկերը։

Նման մասշտաբի միջազգային միջոցառման կազմակերպումը ենթադրում է հանրային միջոցների զգալի ծախսեր, գնումներ և բազմաթիվ պայմանագրեր։ Հետևաբար, հանրությունը լիարժեք իրավունք ունի պահանջելու ծախսերի թափանցիկություն, պայմանագրերի հրապարակայնություն, մրցակցային գնումներ և արդյունավետ վերահսկողություն։ Միջազգային հեղինակավոր միջոցառման անունը չպետք է դառնա հանրային միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողությունը թուլացնելու կամ անհարմար հարցերից խուսափելու պատրվակ։

Սակայն այս ամենից էլ ավելի ցավալի է մեկ այլ հանգամանք․ COP17-ի անցկացումը Հայաստանում դեռևս որևէ երաշխիք չի տալիս, որ երկիրն իրականում փոխելու է իր բնապահպանական քաղաքականությունը։

Դրա վառ ապացույցն է COP17-ին ընդառաջ Ամուլսարի շահագործումը։ Ամուլսարի շահագործման դեմ տարիներով պայքարած և այդ պայքարով քաղաքական դիվիդենտներ հավաքած ուժն այսօր իշխանության ղեկին է, իսկ նույն Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը ներկայացվում է միայն որպես տնտեսական առաջընթաց։

Կարելի է միջազգային կոնվենցիաներ վավերացնել, ռազմավարություններ գրել, գործողությունների ծրագրեր ընդունել, միջազգային ամբիոններից գեղեցիկ ելույթներ ունենալ և հերթական տեղեկատվական փուչիկը փչել։ Բայց եթե չկան գործնական քայլեր, այդ ամենը միայն մնում է թղթի վրա։

Բնապահպանական քաղաքականությունը չի չափվում ստորագրված փաստաթղթերի քանակով, կազմակերպված համաժողովների շքեղությամբ կամ միջազգային հյուրերի թվով։ Այն չափվում է մաքուր օդով, անվտանգ ջրով, պահպանված ծառերով, կառավարվող թափոններով, վերականգնվող հողերով և տնտեսությամբ, որը զարգանում է բնության ու մարդու առողջության հաշվին չգործելու սկզբունքով։

COP17-ը պետք է դառնար ոչ թե հերթական PR-արշավը, այլ իրական փոփոխությունների մեկնարկը»,- նշել է նա։