Երևանի ավագանու այսօրվա նիստում օրակարգային ամենաթեժ հարցը քաղաքային ղեկավարության աշխատավարձերի բարձրացումն էր, որն էլ ի վերջո հաստատվեց իշխող մեծամասնության կողմից։ Այս որոշմամբ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատավարձը կհասնի ավելի քան 2 միլիոն դրամի, իսկ փոխքաղաքապետերինը՝ 1.8 միլիոն դրամի։ Այս ֆոնին տրամաբանական հարցեր են առաջանում՝ արդյոք քաղաքապետը սկսելու է երկու կամ երեք անգամ ավելի շատ ու արդյունավե՞տ աշխատել, և ո՞րն է այն ցուցիչը, որով երևանցիները պետք է չափեն այս թանկացման հիմնավորվածությունը։
Բացի այդ՝ ինչպես է ստացվում, որ մայրաքաղաքի կոմունալ խնդիրները, տրանսպորտային կոլապսն ու աղբահանությունը տարիներով մնում են անլուծելի, բայց ղեկավարության վարձատրության հարցը լուծվում է ամենաառաջինը։
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը
Oragir.News-ի հետ զրույցում շեշտում է, որ Երևան քաղաքն արդեն ութ տարի գտնվում է ՔՊ կուսակցության միահեծան իշխանության տակ, իսկ վերջին մեկ տարում ձևավորված կոալիցիոն գործընկերներն ընդամենը կույր գործիքներ են նրանց ձեռքին. «Ութ տարվա ընթացքում, ցավոք սրտի, որևէ խնդիր չի լուծվել մայրաքաղաքում»։
Բանախոսը հիշեցնում է, որ ՔՊ-ն իշխանության է եկել հենց նախկինների բարձր աշխատավարձերն ու շռայլությունները քննադատելով, սակայն այսօր գերազանցել է նրանց. «Ես նախկիններին երբևէ չեմ արդարացնում, բայց իրենք նախկին իշխանությունների թալանչիությունը, բարձր աշխատավարձերը, պադավատապետությունը մատի փաթաթան դարձնելով եկան, մոլորեցրին մարդկանց և դարձան իշխանություն։ Այդ ընթացքում կարելի է ասել, ժողովրդի խոսակցականով, որ նախկինների գլուխը լվացին»։
Աղեկյանի գնահատմամբ՝ երևանցիների հաշվին պաշտոնյաների բարգավաճումը կոռուպցիայի ու թալանի դասական օրինակ է, որը տեղի է ունենում բացահայտ կերպով. «Եթե համայնքային բյուջեում կան գումարներ, որոնցով քաղաքապետի աշխատավարձը կարող է սահմանվել 2 միլիոն դրամ և ավելի, ապա այն ծանր պայմաններում, որոնցում այսօր ապրում են երևանցիները, սա բացահայտ կոռուպցիա է և թալան՝ օրը ցերեկով։ Ինչ տրամաբանությամբ է քաղաքապետի աշխատավարձը բարձրացվում ավելի քան մեկ միլիոն դրամով, երբ մայրաքաղաքում վարորդները քանդված փողոցների ու փոսերի պատճառով չեն կարողանում մեքենա վարել։ 21-րդ դարում ունենք անանցանելի ու քայքայված ճանապարհներ»։
Աղեկյանը մատնանշում է նաև տրանսպորտային համակարգի ձախողումը, որից իշխանավորները պարզապես տեղյակ չեն՝ կտրված լինելով իրականությունից։
«Մեր ավտոբուսները պարբերաբար փչանում ու կանգնում են, իսկ երթևեկությունը կաթվածահար է։ Ես հաճախ եմ տեսանկարահանում և հանրությանը ցույց տալիս իրական պատկերը։ Իշխանության ներկայացուցիչները կտրված են իրական կյանքից, դուրս չեն գալիս իրենց հարմարավետ գրասենյակներից և չեն շփվում քաղաքացիների հետ։ Նրանք չեն տեսնում, թե ինչպես են մարդիկ խեղդվում իրենց կողմից «բարեփոխված», բայց իրականում պարզապես թանկացված տրանսպորտային համակարգում։ Այսպիսի պայմաններում սեփական աշխատավարձերի բարձրացման մասին խոսելը, մեղմ ասած, անբարոյականություն է»,- ասում է նա։
Սոնա Աղեկյանի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր նախկինում 100 դրամի համար պայքարելիս հրաժարվում էին վճարել, այսօր դարձել են դոլարային միլիոնատերեր։
«Նրանք չեն ցանկանում հասկանալ, որ, օրինակ, Էրեբունի վարչական շրջանում հազարավոր երեխաներ մանկապարտեզ չեն հաճախում տեղերի բացակայության պատճառով։ Այդ միջոցները պետք էր ուղղել նախադպրոցական հաստատությունների հրատապ վերակառուցմանը, որպեսզի ապահովվեր երեխաների կրթությունը։ Եթե մենք խոսում ենք ազգային և քաղաքացու շահերից բխող իշխանության մասին, ապա քաղաքացու խնդիրները պետք է լինեին առաջնահերթ։ Ես հեռու եմ այն մտքից, թե քաղաքապետի կամ մյուս պաշտոնյաների սոցիալական կարգավիճակն այնքան ծանր է, որ նրանք ի վիճակի չեն հոգալ սեփական ծախսերը։ Փոխարենը՝ համայնքային բյուջեից հսկայական միջոցներ հատկացվեցին ծառայողական մեքենաների պարկը թարմացնելու և ամենաթանկարժեք էլեկտրական ամենագնացները ձեռք բերելու համար։ Սա փաստում է, որ նրանք բարելավում են միայն սեփական կյանքը՝ հաղթահարելով աղքատությունը իրենց գրպաններում, բայց ոչ ուղեղներում»,- նշում է Աղեկյանը։
Վերջինիս դիտարկմամբ, իշխանությունը բարոյական իրավունք չունի աշխատավարձ բարձրացնելու, երբ երկիրը կորուստներ է կրել։
Աղեկյանը հիշատակում է նաև Վարդաշենի բնակիչների պատմությունը, երբ պաշտոնյաները պարզապես թաքնվել են ժողովրդից. «Երբ բարձրաձայնում էինք Վարդաշենի հանրակացարանների վթարային վիճակի մասին, և անօթևան մնալու վտանգի առջև կանգնած բնակիչները գալիս էին քաղաքապետարան, իշխանության ներկայացուցիչները փակում էին դռները։ Ոչ մի պատասխանատու պաշտոնյա հանձն չէր առնում լսել նրանց. հրահանգում էին օգնականներին ցած իջնել և ինչ-որ անորոշ, լղոզված պատասխաններով հեռացնել հավաքված մարդկանց։ Սա ապացուցում է, որ նրանք խորթ են քաղաքացու հոգսերին և նպատակ չունեն այս միջոցներով լուծել, օրինակ, փողոցների պատշաճ ասֆալտապատման խնդիրը»։
Քաղաքական գործիչը հավելում է, որ ղեկավարների միլիոնանոց աշխատավարձերի փոխարեն այդ միջոցները պետք է ուղղվեին քաղաքի տարրական բարեկարգմանը, որն այսօր իրականացվում է ծայրահեղ անորակ. «Մենք տեսնում ենք, թե ինչպես են Գարեգին Նժդեհի և Բագրատունյաց փողոցները վերանորոգվում արդեն երկրորդ տարին անընդմեջ՝ աղտոտելով օդը, կաթվածահար անելով առանց այն էլ խցանված երթևեկությունը և լուրջ անհարմարություններ պատճառելով հետիոտներին ու վարորդներին։ Իշխանությունն արդարանում է, թե շինարարական կազմակերպությունն է թերացել, սակայն նրանք պարտավոր էին պատշաճ վերահսկողություն իրականացնել, որպեսզի կապալառուն բազալտե սալիկները չփակցներ անորակ, անհայտ ծագման սոսինձներով։ Սա է նրանց իրականացրած շինարարության որակը։ Նույն անմխիթար վիճակն է, անկախ նրանից, թե որ ոլորտին ենք անդրադառնում՝ կոյուղատար համակարգին, ջրահեռացմանը, թե խմելու ջրի մատակարարմանը»։
Ամփոփելով խոսքը՝ Սոնա Աղեկյանը նշում է, որ Երևանի բյուջեն քաղաքապետարանի ղեկավարության անձնական բյուջեն չէ, դա երևանցիների գումարն է։ Եվ քաղաքային իշխանությունը պարտավոր է գոնե հաշվի նստել քաղաքացիների պահանջների հետ ու առաջնային լուծում տալ այն հարցերին, որոնք իսկապես օրհասական խնդիր են երևանցիների համար։
Հասմիկ Մովսիսյան