Ուղիղ եթեր
Ներքին 2 ժամ առաջ - 16:00 12-10-2026

Ինչու են բարձրացնում քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձերը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնում են՝ առանց ողջամիտ պատճառաբանության։ Պարզ չէ՝ նրանք սկսել են ավելի շա՞տ ուտել, ավելի թանկ կոստյումնե՞ր են ուզում հագնել, ավելի ճո՞խ են ուզում անցկացնել իրենց հանգիստը։ Հանրային լուռ դժգոհություն է առաջանում, թե ինչո՞ւ պետք է հարկատուներն ավելի շատ վարձատրեն պետական աշխատողներին, ինչու են պաշտոնյաներն իրենց աշխատավարձերը բարձրացնում, բայց նվազագույն աշխատավարձը թողնում նույնը։

Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը տեղեկացնում է. «Հոկտեմբերի 13-ին, Երևանի ավագանու հերթական նիստում ՔՊ իշխանությունը նախատեսում է հաստատել քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգ։

Քաղաքապետ՝ 1,320,000-ից՝ 2,080,000 դրամ, աճը՝ 760,000 դրամ,
Քաղաքապետի առաջին տեղակալ՝ 1,020,000-ից՝ 1,913,600 դրամ, աճը՝ 893,600 դրամ,
Քաղաքապետի տեղակալ՝ 952,000-ից՝ 1,830,400 դրամ, աճը՝ 878,400 դրամ,
Վարչական շրջանի ղեկավար՝ 850,000-ից՝ 1,248,000 դրամ, աճը՝ 398,000 դրամ,
Քաղաքապետի խորհրդական՝ 629,000-ից՝ 915,200 դրամ, աճը՝ 286,200 դրամ։

Իսկ օրինակ՝ վարչական շրջանի աշխատակազմի հավաքարարի աշխատավարձն ընդամենը 47,840 դրամով է բարձրանում»։

Ավագանու անդամը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձերը բարձրանում են, իսկ քաղաքապետարանի ենթակայության հիմնարկներում աշխատողների աշխատավարձերի բարձրացման մասին խոսք չկա։

Ինչո՞վ է պայմանավորված այս անհավասար վերաբերմունքը։

Հավասարությունը ժողովրդավարության անկյունաքարային երեք արժեքներից մեկն է՝ ազատության և եղբայրության հետ միասին։ Եվ սա առաջին անգամ չէ, որ ՔՊ-ական պաշտոնյաները անհավասար վերաբերմունք են դրսևորում, իրենց ավելի բարձր են դասում մյուսներից, իրենց աշխատավարձը բարձրացնում են, իսկ մյուսներինը՝ ոչ։

Ինչո՞ւ պետք է հարկատուն ավելի վճարի Տիգրան Ավինյանին։ Նրա աշխատանքի ծավա՞լն է մեծացել, պայմաննե՞րն են վատացել, մինչև հիմա քիչ էր աշխատում, իսկ վաղվանից շա՞տ է աշխատելու։

Եթե այս բարձրացումը պայմանավորված է ընդհանուր թանկացումներով, ապա պետք է բարի լինեն և բարձրացնեն բոլորի աշխատավարձերը նույն չափով, որովհետև բոլորն էլ նույն թանկացումներից տուժում են հավասարապես։

Ի վերջո՝ սարսափելի է մտածելը, որ քաղաքապետարանի ղեկավարության աշխատավարձերը բարձրացնում են կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում։

Բազմաթիվ պաշտոնյաներ և փորձագետներ են ակնարկել, թե միջազգային ուսումնասիրությունների վկայությամբ՝ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը նպաստում է կոռուպցիայի նվազմանը։ Եթե սա է քաղաքապետարանի ղեկավարության աշխատավարձերի բարձրացման ենթադրյալ պատճառը, ապա այս բարձրացմամբ անուղղակի խոստովանում են, որ քաղաքապետարանում կոռուպցիա կա, դրա դեմ պայքարն արդյունավետ չէ, և ստիպված բարձրացնում են ղեկավարների աշխատավարձերը, որ նրանք կոռուպցիայով քիչ զբաղվեն, պետությանն ու ժողովրդին քիչ վնաս տան։

Կարճ ասած՝ քաղաքապետարանը ողջամիտ հիմնավորում պետք է ներկայացնի, թե ինչու են ուզում, որ հարկատուները քաղաքապետարանի ղեկավարներին շատ վճարեն, ինչու քաղաքապետարանի ենթակա հիմնարկների աշխատողների աշխատավարձերը չեն բարձրանում, և արդյոք այս բարձրացումն արվում է քաղաքապետարանում ծաղկող կոռուպցիան նվազեցնելու նկատառումներով։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
18:52 Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

Ձեզ գուցե հետաքրքրի