Հայկական հեռուստատեսության հայտնի նախագծերից «Որոգայթը» վերադառնում է նոր պատմությամբ։
«Որոգայթ․ Նոր սկիզբ» խորագրով 24 մասից բաղկացած քրեական դրաման խոստանում է նոր հակամարտություններ, անսպասելի բացահայտումներ և ճակատագրական շրջադարձեր։
Նոր պատմության կենտրոնում Հովոն է, որի անցյալից վերադառնում է խորհրդավոր ու անողոք թշնամի։ Նրա հայտնվելը փոխում է ոչ միայն Հովոյի, այլև նրա ընտանիքի ու շրջապատի կյանքը՝ վերածելով անձնական հակամարտությունը լայնածավալ պայքարի։
Նախագծում քրեական աշխարհը միահյուսվում է ընտանեկան դրամայի, սիրային պատմությունների և հոգեբանական լարվածության հետ։ Հին դաշինքները փլուզվում են, ձևավորվում են նոր ուժային կենտրոններ, իսկ յուրաքանչյուր որոշում կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։
Նոր սեզոնում հանդես կգան հայկական կինոյի և թատրոնի հայտնի դերասաններ, այդ թվում՝ Խորեն Լևոնյանը, Սարգիս Գրիգորյանը, Հարություն Մովսեսյանը, Արմեն Սողոյանը, Դավիթ Աղաջանյանը, Ելենա Բորիսենկոն և այլք։
Նախագծի սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանն է, ռեժիսորը՝ Մհեր Խաչատրյանը, պրոդյուսերը՝ Ռոման Մուշեղյանը։
«Որոգայթ․ Նոր սկիզբը» արտադրվում է Shant Production-ի կողմից և շուտով հասանելի կլինի Shant Digital հարթակում։