Հոկտեմբերի 10-ին Գրականության և արվեստի թանգարանում «Արդարության նոր մշակույթ» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ բացվել է բանաստեղծուհի, արձակագիր և հասարակական գործիչ Շուշանիկ Կուրղինյանի 150-ամյակին նվիրված «Ըմբոստ կինը» ժամանակավոր ցուցադրությունը:
Ցուցադրությունը կազմված է թանգարանում պահվող Կուրղինյանի հարուստ արխիվային նյութերի հիման վրա:
Այն նպատակ ունի վերարժևորելու և լայն հանրությանը ներկայացնելու հեղինակի գրական ու գաղափարական ժառանգությունը: Կուրղինյանն իր ստեղծագործություններում ու հասարակական գործունեության մեջ անդրադարձել է սոցիալական անհավասարությանը, կանանց ազատագրմանն ու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև հայրենիքի ճակատագրին՝ միաժամանակ բացահայտելով կնոջ խոր ու ազատատենչ հոգին:
«Առավոտի» հետ զրույցում Զարուհի Հովհաննիսյանը պատմեց ծրագրի մտահղացման մասին. «Ծրագիրը մտահղացել է «Արդարության նոր մշակույթ» ՀԿ-ի կողմից։
Դեռ ակտիվիստական ժամանակներից Շուշանիկ Կուրղինյանը մեզ սնուցել է իր ըմբոստությամբ, իր խոսքով, և դա տասնամյակ առաջ, երբ Հայաստանում սոցիալական շարժումները բավական ակտուալ էին, և այս սոցիալական շարժումների մաս էր կազմում նաև ֆեմինիստական պայքարը, կանանց իրավունքների և հավասարության համար պայքարը, Շուշանիկ Կուրղինյանը կարծես մեր ոգեշնչման աղբյուրն էր: Եվ այն ժամանակվանից մենք սպասում էինք մի օրվա, երբ կուսումնասիրվի նրա ժառանգությունը, կդրվի հասարակության առջև և ցույց կտրվի, թե ինչպես են հայ կանայք դեռ դար ու կես առաջ և ավելի սկսել պայքարել իրենց իրավունքների համար, և շատ կարևոր է, որ մենք այս նախագծով առաջին քայլն անում ենք՝ հենց ցուցադրությանը նշելով նաև Շուշանիկ Կուրղինյանի 150-ամյակը:
Մանրամասները՝ aravot.am կայքում։