Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակնի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Լուսինե Մելիքյանը մեկ ամսով կալանավորվել է։
Oragir.News-ի տեղեկություններով՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշում է կայացվել կաշառք տալու և ստանալու կասկածանքով սկսված ուսումնասիրությունների շրջանակում։
Oragir.News-ի տեղեկություններով՝ խոսքը շուրջ երկու տարի դպրոցի աշխատակիցներից յուրաքանչյուր ամիս 50 հազար դրամ պահանջելու մասին է։ Կաշառք տալու և ստանալու կասկածանքով Ամասիայի ոստիկանությունը նախ ուսումնասիրություններ է սկսել, կազմված փաստաթղթերն էլ ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե։
Նշենք, որ Լուսինե Մելիքյանը երկար տարիներ ղեկավարել է Բյուրակնի միջնակարգ դպրոցը, իսկ ավելի ուշ նույն հաստատությունում զբաղեցրել կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողի պաշտոնը։
Բյուրակնի դպրոցում, սակայն, խնդիրները միայն այս միջադեպով չեն սահմանափակվել։ Հաստատությունում երկար ժամանակ լարված մթնոլորտ է եղել։ Աշակերտների ծնողները բազմիցս դժգոհություններ ու բողոքներ են ներկայացրել՝ բարձրաձայնելով տնօրենի ենթադրյալ անօրինական գործողությունների մասին։ Լարված են եղել նաև տնօրենի և ուսուցիչների մի մասի միջև հարաբերությունները։
Ծնողների բողոքների թվում եղել են նաև երեխաներին առողջական խնդիրներ ունեցող ներկայացնելու և ներառական կրթության ծրագրում ընդգրկելու վերաբերյալ պնդումները։ Ըստ ներկայացված տեղեկությունների՝ դպրոցում սովորող 74 աշակերտից 43-ը համարվել են ներառական կրթության կարիք ունեցող։
Բյուրակնի դպրոցի շուրջ ստեղծված իրավիճակով նախկինում հետաքրքրվել են նաև իրավապահները։ Շիրակի մարզի դատախազությունը քրեական վարույթ է նախաձեռնել Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ ձևաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու առնչությամբ։
Բյուրակնի դպրոցը կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Տարիներ շարունակ ծնողների դժգոհությունների և դպրոցի ներսում լարվածության մասին ահազանգերից հետո այժմ քննության առարկա են դարձել նաև աշխատակիցներից գումար պահանջելու վերաբերյալ տեղեկությունները։
Անահիտ Չալիկյան