Բրյուսելում երիտասարդների անկարգությունների և ոստիկանության հետ բախումների հետևանքով ձերբակալվել է 20 մարդ, այդ թվում՝ 13 անչափահաս։ Այս մասին հայտնել է RTBF հեռուստաալիքը։
Քաղաքի առանձին շրջաններում ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։
Բախումները սկսվել են օրվա կեսին՝ Բելգիայում կենսամակարդակի անկման դեմ արտոնված ցույցի ընթացքում, որին մասնակցել է շուրջ 50 հազար մարդ։ Նրանց թվում հիմնականում պետական հատվածի աշխատողներ էին, այդ թվում՝ ոստիկաններ։ Բողոքի ակցիային միացել են նաև ուսանողների և դպրոցականների բազմաթիվ կազմակերպություններ, որոնք դեմ են կրթության ֆինանսավորումը սահմանափակող բարեփոխմանը։
Իրավապահների տվյալներով՝ Կենտրոնական երկաթուղային կայարանի շրջանում ոստիկանության հետ բախումների հիմնական մասնակիցները երիտասարդներն էին, մեծ մասամբ՝ անչափահասներ։ Նրանք իրավապահների ուղղությամբ շշեր և ճայթրուկներ են նետել, վնասել մի քանի ավտոբուս և ավտոմեքենա, ինչպես նաև հրկիզել աղբամաններ։
DH թերթի փոխանցմամբ՝ թեև Բելգիայում դպրոցականների դժգոհության սեփական պատճառներն առկա են, Փարիզում տեղի ունեցող ցույցերի օրինակը, որը լայնորեն լուսաբանվում է լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում, կարևոր գործոն է դարձել բողոքի ալիքի սրման համար։