ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն չեն կարողացել համոզել Իսպանիային և Հունաստանին Ուկրաինային փոխանցել ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված որսացող հրթիռներ, որոնց շահագործման ժամկետը շուտով կավարտվի։
Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է The Daily Telegraph թերթը։
Հրապարակման համաձայն՝ Հունաստանն ունի PAC-2 մոդիֆիկացիայի շուրջ 200 հրթիռ, որոնց շահագործման 23-ամյա ժամկետը մոտենում է ավարտին։
Իսպանիայի հրթիռային պաշարների մասին ստույգ տեղեկություններ չկան, սակայն թերթը հիշեցնում է, որ անցյալ ամիս Մադրիդը հայտարարել էր Կիևին հինգ հրթիռ փոխանցելու պատրաստակամության մասին։
Հրապարակման համաձայն՝ Ուկրաինան միայն այս ձմռան համար 300-360 որսացող հրթիռի կարիք ունի։
The Daily Telegraph-ը նշում է, որ բանակցություններում ներգրավված պաշտոնյաները նախընտրում են հրապարակայնորեն չհիշատակել այն երկրների անունները, որոնց մասին խոսքը գնում է՝ նրանց հետ հարաբերությունների վատթարացումից խուսափելու համար։
Թերթը նաև հայտնում է, որ շահագործման ժամկետի ավարտից հետո հրթիռները կիրառելու համար անհրաժեշտ է կրկին հավաստագրել դրանք։