Ներքին 1 ժամ առաջ - 20:58 08-10-2026

Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում

Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում․ նոր հետազոտությունը բացահայտում է երիտասարդների կարիքները, հնարավորություններն ու ապագայի պատկերացումները:

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, սոցիոլոգ, կրթության սոցիոլոգիայի և երիտասարդության հիմնահարցերի հետազոտող, Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր Մարինա Գալստյանը ներկայացրեց «Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» վերնագրով մենագրությունը։

Հանդիպումը նախաձեռնել էր «Արար» հիմնադրամը՝ ներգրավելով ոլորտային և այլ մասնագետների՝ քննարկելու երիտասարդների սոցիալական իրականությանը վերաբերող մի շարք հարցեր։

Իր բացման խոսքում «ԱՐԱՐ» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանն ընդգծեց երիտասարդների՝ որպես ակտիվ քաղաքացիների դերը, ինչպես նաև հիմնադրամի հետաքրքրվածությունը նման հետազոտությունների նկատմամբ։

«Խիստ կարևոր է իմանալ, թե ինչ է մտածում այսօրվա երիտասարդը, ինչն է նրան հետաքրքրում, ինչը՝ ոչ։

Հատկապես կարևոր է հասկանալ՝ որպես քաղաքացի, նրանց ոչ այնքան ակտիվ լինելու պատճառներն ու շարժառիթները։ Չէ՞ որ վաղը նրանք են լինելու որոշումներ կայացնողները»։
Խոսքի վերջում նա ընդգծեց, որ «ԱՐԱՐ» հիմնադրամը ևս իրականացնում է ոլորտային
ուսումնասիրություններ և մշտապես ուշադրություն է դարձնում երիտասարդների կարծիքին։
Մարինա Գալստյանը ևս շեշտեց, որ այս հետազոտությունը հատկապես կարևոր է երիտասարդներին հուզող բազմաբնույթ կարիքների բացահայտման և ուսումնասիրման տեսակետից։

«Այս մենագրությունում քննարկվում են երիտասարդների կրթական ուղիները, զբաղվածության հնարավորությունները, քաղաքական և քաղաքացիական մասնակցության պրակտիկաները, կենսակերպը, ինչպես նաև ապագայի պատկերացումները արագ փոփոխվող հասարակական պայմաններում»։

Հետազոտության մեթոդաբանություն

Հետազոտությունն իրականացվել է քանակական և որակական մեթոդների համադրությամբ։ Հարցմանը մասնակցել է 1000 երիտասարդ, անցկացվել է 10 խմբային քննարկում և 15 անհատական հարցազրույց, որոնց մասնակցել է 85 երիտասարդ, իրականացվել է փաստաթղթերի վերլուծություն և ավելի քան 10 փորձագիտական-խորհրդակցական հանդիպում։ Հետազոտության ընտրանքում ընդգրկվել են 13-35 տարեկան երիտասարդներ Երևանից և Հայաստանի բոլոր մարզերից։

Հետազոտությունը երիտասարդությանը դիտարկում է ոչ միայն որպես առանձին սոցիալական խումբ, այլ փորձում է հասկանալ, թե ինչպես են վերջին տարիների բազմաճգնաժամային իրադարձությունները՝ COVID-19-ը, 2020 թվականի պատերազմը, հետպատերազմյան անորոշությունը և 2023 թվականի տեղահանությունը, ազդել երիտասարդների կենսագրության, անկախության կառուցման և ապագայի պատկերացումների վրա։

Հետազոտության հիմնական թեմատիկ ուղղություններն են՝ ինքնությունը, կրթությունը, զբաղվածությունը, քաղաքացիական մասնակցությունը, կենսակերպը և ապագայի տեսլականը։

Ինքնության ընկալումներ

Ըստ հետազոտության արդյունքների՝ երիտասարդության ընկալումը միատարր չէ։ Մասնավորապես, տղաները երիտասարդությունը ընկալում են որպես ավելի ուշ սկսվող և ավելի ուշ ավարտվող կյանքի փուլ, մինչդեռ աղջիկների ընկալմամբ այն ավելի վաղ է սկսվում և ավարտվում։ Հարցվածների ավելի քան 30%-ի կարծիքով՝ երիտասարդը նա է, ով պատասխանատու է իր որոշումների համար, իսկ մոտ 24%-ի կարծիքով՝ երիտասարդը ուժով և էներգիայով լի անձն է։

Երիտասարդության ամենակարևոր խնդիրները ֆինանսական դժվարությունները և ցածր եկամուտը (63,2%), մարզերում աշխատանքային հնարավորությունների պակասը (32,5%), ինչպես նաև կրթության և աշխատանքի անհամապատասխանությունն են (20,3%)։ Այս ամենին հաջորդում են ապագայի նկատմամբ անորոշությունը, բնակարանի ձեռքբերման հետ կապված դժվարությունները, վնասակար սովորությունները և այլն։շ

Կրթություն և զբաղվածություն

Կրթության ոլորտում հետազոտությունն արձանագրել է մասնագիտական հետաքրքրությունների փոփոխություն․ աճել է երիտասարդների հետաքրքրությունը տեղեկատվական տեխնոլոգիաների և արվեստի նկատմամբ, մինչդեռ գործարարության և տնտեսագիտության նկատմամբ հետաքրքրվածությունը շարունակում է կայուն բարձր մնալ։ Միաժամանակ նվազել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների
նկատմամբ հետաքրքրվածությունը։

Հատկանշական է նաև, որ 13-17 տարեկան աշակերտների 73%-ն արդեն որոշել է, թե ինչ մասնագետ է ցանկանում դառնալ։ Այդուհանդերձ, հետազոտության արդյունքները ցույց են տվել նաև, որ մասնագիտական ընտրությունը մասնագիտության ընտրության ճանապարհը հաճախ դինամիկ և փոփոխվող գործընթաց է, որը շարունակվում է նաև մասնագիտական կրթությունից հետո։

Կրթության մեկ այլ կարևոր ուղղություն է ոչ ֆորմալ կրթությունը։ Երիտասարդների 33%-ը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել է որևէ կարճաժամկետ դասընթացի։ Առավել ակտիվ են եղել Սյունիքի և Տավուշի երիտասարդները։ Դասընթացների թեմաները ներառել են օտար լեզուներ, մեդիա և հաղորդակցություն, համակարգչային հմտություններ, ծրագրավորում և ՏՏ, հաշվապահություն ու ֆինանսներ, բիզնես պլանավորում, թվային մարքեթինգ և գովազդ։

Ինչ վերաբերում է երիտասարդների զբաղվածությանը, ապա հետազոտությանը մասնակցած
երիտասարդների 46%-ը վերջին երկու շաբաթների ընթացքում կատարել է վարձատրվող աշխատանք։

Զբաղվածության մակարդակն ավելի բարձր է տղաների շրջանում և աճում է տարիքի հետ։ Միաժամանակ 15-24 տարեկաններն ունեն գործազրկության ամենաբարձր մակարդակը ՀՀ բնակչության մյուս տարիքային խմբերի համեմատ։ Զբաղվածության ցուցանիշն ավելի բարձր է Երևանում, այնուհետև՝ գյուղական բնակավայրերում, իսկ ավելի ցածր՝ մարզային քաղաքներում։ Մարզերի կտրվածքով բարձր ցուցանիշներ արձանագրվել են Երևանում, Արագածոտնում և Արարատում, իսկ ամենացածրը՝ Տավուշում և Արմավիրում։

Ի հավելումն, վարձատրվող աշխատանք ունեցող երիտասարդների 56.5%-ն ունի մշտական և գրանցված աշխատանք, մինչդեռ 13.4%-ն աշխատում է ժամանակավոր և չգրանցված աշխատանքում։ Վերջին խմբում ճնշող մեծամասնությունը 18-22 տարեկան երիտասարդներն են։

Առավել ուշագրավ արդյունքներից մեկն այն է, որ աշխատող երիտասարդների մեծ մասը չի աշխատում իր մասնագիտությամբ․ 38.2%-ը նշել է, որ աշխատում է ոչ իր մասնագիտությամբ, 26.5%-ը՝ իր մասնագիտությամբ, իսկ 18.7%-ը՝ հարակից մասնագիտությամբ։ Միաժամանակ ուսանողների շուրջ մեկ երրորդը սովորելուն զուգահեռ կատարում է վարձատրվող աշխատանք։ Այս պատկերը ցույց է տալիս, որ երիտասարդի մասնագիտական կրթությունն ինքնաբերաբար չի վերածվում մասնագիտական աշխատանքի, իսկ մասնագիտական կողմնորոշումը շարունակվում է նաև աշխատաշուկա մուտք գործելուց հետո։

Քաղաքացիական մասնակցություն

Հետազոտության արդյունքների համաձայն՝ երիտասարդների 57%-ը կարծում է, որ կարող է ազդեցություն ունենալ համայնքի համար կարևոր որոշումների կայացման գործընթացում, մինչդեռ երկրի մակարդակում այդպես է կարծում ընդամենը 26%-ը։

Միևնույն ժամանակ երիտասարդների մեծ մասը հետաքրքրված է Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող սոցիալ-քաղաքական իրադարձություններով․ համապատասխանաբար, ցուցանիշները կազմում են 76% և 64%։ Այս երկու ցուցանիշների համադրությունը հետաքրքիր պատկեր է ձևավորում․ երիտասարդների շրջանում սոցիալ-քաղաքական հետաքրքրվածությունը բարձր է, սակայն սեփական ազդեցության հնարավորությունը նրանք ավելի սահմանափակ են համարում, հատկապես երկրի մակարդակում։

Քաղաքացիական մասնակցության ձևերից համեմատաբար բարձր է կամավորական աշխատանքների իրականացումը, մինչդեռ ամենացածր ցուցանիշը գրանցվել է քաղաքացիական շարժումներին մասնակցության դեպքում։

Կենսակերպ և առողջություն

Հարցված երիտասարդների շուրջ 41%-ը հազվադեպ է զբաղվում ֆիզիկական ակտիվությամբ կամ ընդհանրապես չի մարզվում։ Քիչ մարզվողների շրջանում գերակշռում են ցածր եկամուտ ունեցող, իգական սեռի և 30-35 տարեկան երիտասարդները։

Ազատ ժամանակի կազմակերպման վերաբերյալ որակական տվյալները ցույց են տալիս մեկ այլ կարևոր խնդիր։ Երիտասարդների մեծ մասի համար ժամանցը ինքնուրույն պլանավորվող ոլորտ չէ․ այն կազմակերպվում է ուսման, աշխատանքի և ընտանեկան պարտավորությունների ավարտից հետո մնացած ժամանակի հաշվին։ Շատ երիտասարդներ իրենց առօրյան նկարագրում են որպես «լցված» կամ «խիտ», իսկ ազատ ժամանակը՝ որպես պարտականությունների միջև կարճ ընդմիջում։ Ավելին, որոշ երիտասարդների համար ազատ ժամանակի առկայությունը կարող է կապված լինել տագնապի հետ․ այն
վերածվում է մտածելու ժամանակի, ինչի պատճառով ոմանք նույնիսկ փորձում են խուսափել չզբաղված մնալուց։

Ապագայի ընկալումներ

Հետազոտության առանցքային եզրահանգումներից մեկն այն է, որ երիտասարդների մի մասը ապագան կառուցում է որպես բավականին հստակ կրթական և մասնագիտական նախագիծ՝ բակալավրիատից դեպի մագիստրատուրա, այնուհետև ասպիրանտուրա, գիտական կարիերա, մասնագիտական առաջընթաց կամ սեփական բիզնեսի հիմնում։ Այս դեպքում կրթությունը ընկալվում է որպես սոցիալական առաջխաղացման հիմնական ուղի։

Միևնույն ժամանակ, երիտասարդների տարբեր խմբերում ապագան ավելի հաճախ ներկայացվում է որպես անհատական ներդրման արդյունք, այլ ոչ թե համակարգի աջակցությամբ ապահովվող ճանապարհ։

Ինչ վերաբերում է առաջիկա 1-3 տարիների նպատակներին, ապա 40.8%-ի համար առաջնային է աշխատանքը, 37%-ի համար՝ նյութական բարեկեցության ապահովումը, 35.4%-ի համար՝ կրթությունը։

Հետազոտության ընդհանուր պատկերը ցույց է տալիս երիտասարդ սերնդի հակասական իրականությունը։

Մի կողմից՝ երիտասարդները շարունակում են կրթվել, ձեռք բերել նոր հմտություններ, աշխատել, մասնագիտական նպատակներ ձևավորել և ապագայի ծրագրեր կառուցել։ Մյուս կողմից՝ այդ ծրագրերը ձևավորվում են բազմաճգնաժամային միջավայրում, որտեղ մասնագիտական ընտրությունը կարող է փոփոխվել, աշխատանքը՝ չհամապատասխանել ստացած մասնագիտությանը, իսկ քաղաքացիական հետաքրքրվածությունը չվերածվել տեսանելի ազդեցության։

Մենագրության ներկայացումից հետո ներկաները քննարկեցին հետազոտության արդյունքները և փոխանակվեցին մտքերով ու տեսակետներով։ Նման հանդիպումները ևս մեկ հնարավորություն են՝ ավելի լավ ճանաչելու երիտասարդների կարիքներն ու մտահոգությունները, ինչն էլ իր հերթին նպաստում է առավել դիմակայուն հասարակության ձևավորմանը։

Մենագրությունը պատրաստվել է «Հայաստանի երիտասարդները հետպատերազմյան Հայաստանում. հետազոտություն և դիսկուրս» նախագծի շրջանակներում, որն իրականացվել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Մարինա Գալստյանի ղեկավարությամբ և Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։ Նախագիծը հնարավոր է դարձել Գալուստ
Կիւլպէնկեան Հիմնարկութեան աջակցությամբ։ Արտահայտված տեսակետները և մոտեցումները պատկանում են միայն հեղինակին և պարտադիր չէ, որ արտացոլեն Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան դիրքորոշումը։

Մենագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
11:49 Արտարժույթի շուկայի այսօրվա պատկերը․ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
07:21 Պատերազմի դեմ պայքարող քահանան դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
22:45 Լեո, այսքան տարի դու պաշտպանել ես քո երկիրն ու մի պատմություն, որը հավերժ կապրի. Ռոնալդուն՝ Մեսսիին
23:42 Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը