Ուղիղ եթեր
Ներքին 42 րոպե առաջ - 16:39 08-10-2026

ԵՊՀ-ն դուրս է մնացել աշխարհի լավագույն 1000 բուհերի ցանկից. պատճառներն ըստ փորձագետի

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Միջազգային հեղինակավոր վարկանիշային աղյուսակների վերջին տվյալները փաստում են՝ Հայաստանի բարձրագույն կրթական համակարգը լրջագույն հետընթաց է ապրում։ Աշխարհի ամենաազդեցիկ վարկանիշներում հայաստանյան «Մայր բուհը»՝ Երևանի պետական համալսարանը, տարեցտարի զիջում է իր դիրքերը։

Տարածաշրջանային մրցակցության և կրթական ձախողված «բարեփոխումների» շուրջ Oragir.News-ը զրուցել է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։

Աշխարհում կան վարկանիշավորման բազմաթիվ աղյուսակներ, սակայն դրանցից երեքն ամենահեղինակավորն են՝ «Շանհայի» վարկանիշը (Shanghai Ranking), «Քյու-Էս»-ը (QS World University Rankings) և «Թայմս»-ը (Times Higher Education):

«Առաջին վարկանիշավորման հարթակը՝ «Շանհայը», ներառված է նաև Հայաստանի օրենսդրության մեջ. դրա առաջին 50-յակում ընդգրկված համալսարաններ ընդունված մեր քաղաքացիները բանակից տարկետում են ստանում։ Այս աղյուսակում հայկական որևէ բուհ երբևէ չի եղել և չկա։ Պատճառն այն է, որ այստեղ կարևորվում է հետազոտական բաղադրիչը, իսկ այդ հարցում հայկական համալսարանները էապես զիջում են իրենց գործընկերներին։ Տարածաշրջանից ևս այդ ցանկում բուհեր չկան»,- նշում է Ատոմ Մխիթարյանը։

Եթե նախկինում Հայաստանը գոնե «Քյու-Էս» վարկանիշում տեսանելի դիրքեր ուներ, ապա այսօր իրավիճակը կտրուկ վատթարացել է։

«Քյու-Էս» վարկանիշ. Հայաստանից ընդգրկված միակ բուհը ԵՊՀ-ն է։ Եթե 2-3 տարի առաջ այն 800-1000 միջակայքում էր, ապա այս տարի արդեն դուրս է մնացել լավագույն հազարյակից և գտնվում է 1200-րդ տեղում։ Մինչդեռ Ադրբեջանը, որը երեք տարի առաջ ընդամենը մեկ համալսարան ուներ այս ցուցակում, այսօր արդեն ունի 10 համալսարան, որոնցից 7-ը՝ լավագույն 1000-ի մեջ են»։

«Թայմս» վարկանիշ. վերջերս հրապարակված 2500 բուհերի ցանկում հայկական որևէ համալսարան չկա նույնիսկ լավագույն 2000-ի մեջ։ ԵՊՀ-ն 2000-ից հետո է։ «Մեկ այլ՝ Եվրոպական համալսարանը, նոր է փաստաթղթերը ներկայացրել վարկանիշավորման համար, ինչը կարող է տևել 2-3 տարի։ Այս նույն ցուցակում Վրաստանն ունի 3 համալսարան, իսկ Ադրբեջանը՝ 5-ը»,- փաստում է փորձագետը։

Անդրադառնալով պատճառներին՝ Ատոմ Մխիթարյանը շեշտում է, որ այսպես կոչված «բարեփոխումները» իրականում հակառակ արդյունքն են տվել։

«Դրանց «արդյունքն» այն է, որ լավագույն դասախոսներին հեռացրին ԵՊՀ-ից։ Տեղի ունեցավ համալսարանի քաղաքականացում, եթե չասենք՝ կուսակցականացում։ Այս ամենը սահմանափակում է դասախոսների ու գիտնականների ակադեմիական ազատությունները, ինչի հետևանքով նաև ուսանողների թիվն է գնալով պակասում։

Փորձագետը մատնանշում է նաև ֆինանսական լուրջ խնդիրներն ու անարդյունավետ կառավարումը. «Թեև բացարձակ թվերով ֆինանսավորումը վերջին տարիներին աճել է, սակայն ՀՆԱ-ի համեմատ տոկոսային հարաբերությամբ այն նվազել է։ Իսկ ֆինանսավորման արդյունավետությունը ընդհանրապես ոչ մեկ չի գնահատում։ Ֆինանսավորողները չեն նայում, թե դա ինչ արդյունք տվեց։ Դե, արդյունքն էլ եղավ այն, որ մեր միակ համալսարանը դուրս մնաց լավագույն հազարյակից»։

Հայաստանի կառավարությունը մինչև 2030 թվականի կրթության զարգացման պետական ծրագրով նպատակ է դրել, որ ՀՀ առնվազն 4 համալսարան պետք է ընդգրկվի աշխարհի լավագույն 500 բուհերի ցանկում։

«Այսօր նույնիսկ 1000-ի մեջ մի հատ բուհ չունենք, բայց ծրագրել են, որ մինչև 2030 թվականը, որին մնացել է ընդամենը 3 տարի, 4 բուհ պետք է մտնի լավագույն 500-ի մեջ։ Պարզ է, որ սա բացարձակ անիրականանալի ծրագիր է»,- ասում է Մխիթարյանը։

Ըստ փորձագետի՝ միտումը կանգնեցնելու համար անհրաժեշտ են արմատական փոփոխություններ կառավարման վերնախավում. «Նախ պետք է լինի հստակ քաղաքականություն։ Պետությունը պետք է մտածի, թե ինչ անի, որ բուհերը ընդգրկվեն այդ ցանկերում։ Դրա համար պետք են կոմպետենտ որոշում կայացնողներ։ Այսօր Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում այդպիսիք չկան։ Ոլորտի կառավարման ամբողջ վերնախավը պետք է փոխվի»,- բացատրում է Ատոմ Մխիթարյանը։՝ հավելելով, որ ֆինանսական միջոցներն ու պետական աջակցությունը պետք է ուղղվեն հենց բուհերի միջազգային չափանիշների բարելավմանը, գիտական հետազոտությունների որակի բարձրացմանը և միջազգայնացմանը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ԵՊՀ ղեկավարության հետ՝ պարզաբանում ստանալու, թե որոնք են այս շարունակական անկման գլխավոր պատճառները, և ինչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում իրավիճակը փոխելու համար, սակայն ԵՊՀ-ից չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։



Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
19:38 Էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ. Փաշինյանը կրկին սպառնում է ընդդիմությանը
21:43 Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն
20:37 Ալիևը պահանջելու է վերադարձնել զինվորին, Փաշինյանը փորձում է պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա
17:24 Ադրբեջանցի զինծառայողը դիվերսանտ չէր, նա դիմադրություն ցույց չի տվել. Սուրեն Պապիկյան
21:37 Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Իշխան Սաղաթելյան