Զինված ադրբեջանցու Հայաստան անցնելու մասին իմացել ենք Ադրբեջանի ասելով. բա որ իսկապես մի խումբ կազմակերպված, զինված դիվերսանտների խումբ գա Հայաստան, նշանակում է ընդհանրապես պաշտպանվելու հնարավորություն չենք ունենա ու մեր բնակիչները իրենք պետք է կազմակերպեն իրենց ինքնապաշտպանությունը։
Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Պետական մարմինները սեփական PR-ով, ռիլ նկարելով են զբաղված, իրենց հանգիստ կյանքը վայելելով և ընդդիմադիրներին հետապնդելով են զբաղված, դրա համար իրական անվտանգային մարտահրավերներին չեն կարողանում դիմադրել։
Իմիջիայլոց, որ ասում ենք՝ երկու-երեք օր փնտրել են ու չեն գտել, ձեզանից որևէ մեկը կասկածո՞ւմ է,որ եթե փորձեին փնտրել, որևէ ընդդիմադիր գործչի, քանի՞ րոպե դա կտևեր»,–ասաց նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ չեն եղել տեսանյութեր, թե ինչպես են այդ ադրբեջանցում բռնում, մեքենան նստեցնում. «Իսկ ինչի՞ չեն եղել։ Միայն ընդիմադիրներին բռնելո՞ւց է պետք երաժշտության տակ նյութեր պատրաստել։ Ինչի՞ ասենք պիտի Գագիկ Ծառուկյանի տուն, երբ որ մտնում են, գետնին են գցում, պառկացնում են, այս ամեն ինչը ցույց տան, ու մենք չտեսնենք հայ ընտանիք մտած, կնոջ, երեխաների պատանդ վերցրած, կրակած ադրբեջանցուն։ Որովհետև կարող է վնասի այսպես կոչված խաղաղությա՞նը»,–ասաց նա։
Լևոն Քոչարյանը հայտարարեց, որ իր հոր՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահ եղած ժամանակ հաստատ նման դեպք չի եղել որ ինչ–որ մեկը սահմանն անցնի, մտնի տուն, ինչ–որ գործողություն անի. «Չի եղել, որովհետև կար անվտանգություն, ու հաստատ մտնողը գիտեր, որ շատ լուրջ խնդիրներ է ունենալու, ամենայն հավանականությամբ կյանքն է կորցնելու նման բան անելու դեպքում»։