Արտաքին 1 ժամ առաջ - 18:13 04-10-2026

Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը մասնակցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ եռակողմ հանդիպման տեխնիկական մակարդակով։ Այդ մասին Կիևում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է «Европейская правда»-ն։

Ըստ Զելենսկու, ամերիկյան կողմը ներկայումս կապի մեջ է Ուկրաինայի և Ռուսաստանի հետ և առաջարկում է անցկացնել նման հանդիպում։ Կիևը հաստատել է դրան մասնակցելու պատրաստակամությունը։

«Ամերիկյան կողմն այսօր կապի մեջ է Ուկրաինայի, Ռուսաստանի հետ և առաջարկում է մինչև հոկտեմբերի վերջը տեխնիկական մակարդակով եռակողմ ձևաչափով հանդիպում անցկացնել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նշել է, որ Կիևի դիրքորոշման վերաբերյալ նոր տեղեկություն չկա․ Ուկրաինան բաց է բանակցություններ անցկացնելու համար Արաբական Միացյալ Էմիրություններում կամ մեկ այլ երկրում, որը կառաջարկի Վաշինգտոնը։ Միևնույն ժամանակ նա չի հստակեցրել՝ արդյոք Մոսկվան ստացել է համապատասխան առաջարկը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները կարող են հոկտեմբերին հանդիպել Աբու Դաբիում՝ հնարավոր մասնակի հրադադարը քննարկելու համար, մասնավորապես՝ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածներից փոխադարձ հրաժարման հարցով։