Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 13:30 05-10-2026

Ուսուցչի հեղինակությունը շրիշակի վրա է. որտեղ գտնենք ոսկե բանալին

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ասում են, թե ուսուցիչներին չեն հարգում աշակերտը, ծնողը, հասարակությունը, պետությունը։

Իսկ ինչո՞ւ չեն հարգում ուսուցիչներին։

Մեր մշակույթում ուսուցչի մասին շատ բան կա՝ ավանդապատումներ, հեքիաթներ, պատմական օրինակներ։ Քրիստոնեության մեջ ևս մեծ է ուսուցչի դերը։ Հայ ժողովրդի մեծ մասը քրիստոնյա է։ Այսինքն՝ մշակութային բազա կա, սակայն այն չի արտացոլվում հանրային պատկերացումներում։

Խորհրդային բռնազավթման շրջանում ուսուցչի հանդեպ հարգանքն ավելի մեծ էր, քան հիմա։ Բայց այդ ժամանակ անաստվածություն էր քարոզվում, իսկ ուսուցիչն ասոցիացվում էր լենինյան գաղափարների տարածողի հետ։ Պետությունը հատուկ ուշադրություն էր դարձնում, որ ուսուցչի հանդեպ հարգանքը պահպանվի, քանի որ դպրոցում էին սերմանվում պետության իդեալները, գաղափարները։ Խորհրդային ուսուցչի հիմնական առաքելությունը խորհրդային, ապազգային իդեալների արմատավորումն էր աշակերտների, ուսանողների շրջանում։

Անկախանալուց հետո ուսուցչի կերպարն ու դերը վերանայվեցին։ Նախկին առաքելությունը, բնականաբար, չեղարկվեց։ Բայց նոր առաքելություն չկա։ ՀՀ-ում ուսուցիչը նոր առաքելություն չունի։ Իշխանությունները ազգային իդեալ չեն կարողանում ձևավորել մինչ օրս։ Եվ ուսուցիչն էլ ոչ մի իդեալ էլ չի փոխանցում աշակերտին։ Ավելին՝ ինքնագործունեությունն այս հարցում երբեմն պատժվում է։

Հասարակության շրջանում ևս արժեբանական քաոս է։ Հասարակությանը միավորող արժեքներ չկան։ Չկա ուսուցիչ, որը կսահմանի բարոյական ընդհանուր նորմեր։ Քաղաքականություն որոշողներն իրենց հերթին այնպիսի ցածր մակարդակի վարք են դրսևորում, որ ժողովուրդը նրանցից բան չի հասկանում։ Այս անգաղափար իրավիճակը ուսուցչի հանդեպ հարգանքի բացակայության առաջին պատճառն է։

Մյուս ենթադրյալ պատճառն այն է, որ քաղաքականություն որոշողները դաստիարակության հայեցակարգ չունեն։ Կրթական բարեփոխումներով սահմանվել են ինչ-որ չափորոշիչներ։ Սակայն դաստիարակության չափորոշիչներ չկան։ Դաստիարակությունն ուսուցչի խնդիրն է։ Բայց մեր երկրում ուսուցիչները դաստիարակության խնդիրն ամբողջովին դնում են ծնողների վրա։ Ծնողներն էլ չգիտեն՝ ինչպես դաստիարակեն՝ կա՛մ ուղենիշներ չունեն, կա՛մ իրենց իմացած ուղենիշները ժամանակավրեպ են։

Պատճառների շարքում է նաև անձնակենտրոն քարոզչությունը, որով անձը դիտվում է որպես ամեն ինչի առանցք ու կենտրոն։ Այլ կերպ ասած՝ էգոիզմ է քարոզվում գրեթե ամենուր։ Մարդն ինքն է իր համար արժեքներ և նորմեր սահմանում, ոչ ոքի չի հարգում իրենից բացի, ոչ ոք ավելի կարևոր չէ, քան իր եսը, ոչ ոքի ուսուցիչ չի ճանաչում, ինքն է իրեն կերտում, ինքն իր սխալների վրա սովորում։ Այս իրավիճակում ուսուցիչը դառնում է սովորական աշխատող, որը փող է ստանում երեխաներին գիտելիք փոխանցելու համար։ Այսպիսի պատկերացումներում ուսուցչի հանդեպ հարգանքի համար տեղ չկա։

Ոչ պակաս կարևոր է նաև եկեղեցու հանդեպ իշխանությունների անհարգալից վերաբերմունքը։ Հոգևորականը բոլոր հասարակություններում ընկալվում է որպես ուսուցիչ։ Մեր երկրում, ցավոք, այդպես չէ։ Մասնավորապես՝ ՔՊ-ական պաշտոնյաների կողմից հոգևորականներին ուղղված անհարգալից, վիրավորական արտահայտությունները, հայհոյանքները աղավաղում են ուսուցչի հանդեպ ավանդական պատկերացումները։ Այսինքն՝ աշակերտը, ծնողը չեն հարգում ուսուցչին, քանի որ պաշտոնյան չի հարգում հոգևորականին։

Եվ ամենակարևորը։ Ուսուցչի հանդեպ հարգանքը մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի։ Ուսուցչին չհարգող երեխաները մեծանում ու սրիկա են դառնում՝ մարդակեր բժիշկ, պատերի տակ վնգստացող դատավոր, ցեմենտ ուտող շինարար, կեղծարար ԿԸՀ անդամ, սուտասան, խաբող, գցող, ցինիկ, մի խոսքով՝ սրիկա։ Հետո այդ սրիկաները պաշտոնյա են դառնում և պետությանն ու ժողովրդին կորուստներ պատճառում։

Կարճ ասած՝ ուսուցչի հանդեպ հարգանքի բացակայության գլխավոր մեղավորը քաղաքականություն որոշողն է։ Կա նաև հոռետեսական վարկած, թե Նիկոլ Փաշինյանը միտումնավոր է գցում ուսուցչի հեղինակությունը, որ երկրում ճշմարտության միակ աղբյուրը լինի ինքը, իսկ մյուսները՝ դպրոցի աշխատողներ, որոնց պարբերաբար պիտի նվաստացնեն ատեստացիաների ժամանակ։

Ինչևէ՝ շնորհավոր Ուսուցչի օրը, բոլոր ուսուցիչներն այսօր սիրո և հարգանքի խոստովանություն թող ստանան, իսկ քաղաքական գործիչները թող գտնեն ոսկե բանալին, որով ուսուցչի հանդեպ հարգանքը կբարձրացնեն, լավ պետություն և հասարակություն կձևավորվեն, մեր ազգային իրավունքները կվերականգնվեն։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
16:39 Բռնեցի ձեզ, թե ինչը չեք արել, դե հեծանիվ էլ կքշեք. Փաշինյանը՝ լուսաձորցի երեխաներին
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև