Ռուսներն են եկել, դրա համար տան վարձերը թանկացել են։ Պատասխանատու մարմինների այս բացատրությունն է հնչում, երբ մարդիկ բողոքում են բնակարանների գների բաձրացման մասին։ Իրականում՝ ռուսների այն հոսքը, որով ժամանակին ամեն ինչ էին հիմնավորում, այլևս տեսանելի չէ։ Փոխարենը տան վարձերը շարունակում են բարձրանալ, իսկ դրանց հետ կապված խնդիրները՝ խորանալ։
Ինչո՞ւ են կրկին բարձրացնում բնակարանների վարձակալման գները, և ո՞վ պետք է պաշտպանի այն մարդկանց, որոնք տուժում են այս թանկացումից։
Ամենամեծ հարվածը ստանում է վարձակալը։ 2022 թվականին հազարավոր մարդիկ մի քանի օրվա ընթացքում փաստացի անպաշտպան վիճակում հայտնվեցին, մի մասը՝ անօթևան դարձան։ Ուկրաինա-ռուսական պատերազմի արհավիրքից փախածների մի մասը եկել էր Հայաստան։ Եվ տների գները 2-3 անգամ բարձրացան։ Վարձակալին կամայականորեն դուրս էին հանում բնակարանից և այն 2-3 անգամ թանկ գնով հանձնում ՌԴ-ից փախածներից։ Իսկ իշխանությունները կողքից նայում էին, կարծես սա մասնավոր խնդիր էր։ Թանկացումներ են նաև ներկայում։ Եվ Նիկոլ Փաշինյանը նույն անտարբերությամբ հետևում է, թե ինչպես են ոտնահարում մարդու իրավունքները, հանիրավի թանկացնում տան վարձը։ Իսկ եթե մարդը չի կարողանում կամ չի ուզում վճարել պահանջվող ավելի բարձր գինը, ապա նրան դուրս են անում տանից։ Եվ մարդը չի կարողանում պաշտպանվել։
Առավել ծանր վիճակում են մարզերից Երևան եկող ուսանողները։ Նրանք պետք է տուն վարձեն, համալսարան հաճախեն, կրթություն ստանան։ Բայց երբ տան վարձը մեկ հարվածով 20-50 հազար դրամով թանկանում է, շատերի համար ուսանելը դառնում է անհնար։ Պատահական չէ, որ բուհերում բազմաթիվ տեղեր թափուր մնացին այս տարի։ Այս իրավիճակում, երբ ուսանողը չի կարողանում ապահովել տուն վարձել, կրթության իրավունքը դառնում է ձևական։
Սոցիալական խնդիրն ավելի ակնհայտ է աշխատավարձերի ֆոնին։ ՀՀ-ում աշխատողների կեսը ստանում է 200 հազար դրամից պակաս աշխատավարձ։ Այսինքն՝ ժողովրդի կեսը չի կարող տուն վարձել այսօր։ Բայց բնակարանների վարձակալության շուկայում այս իրողությունը կարծես ոչ ոքի չի հետաքրքրում։
Բազմաթիվ երկրներում պետությունը փորձում է հավասարակշռել տանտիրոջ և վարձակալի իրավունքները։ Վարձակալության պայմանագիրը կոնկրետ ձև ունի և իրավական պաշտպանություն է ապահովում տանն ապրող մարդուն։
Իսկ Հայաստանում հաճախ ստացվում է հակառակը․ պայմանագիրը կարելի է ցանկացած պահի վերանայել, պայմանները փոխել կամ պարզապես ասել՝ «դուրս եկեք»։ Այս կամայականության դեմ գործնական պաշտպանության ավանդույթներ չկան։ Մարդկանց մեծ մասը կարծում է, թե տանտերն ինչպես ուզենա, այնպես էլ կարող է վարվել վարձակալի հետ։ Եվ մարդը չգիտի, թե ո՞ւմ դիմի, երբ անսպասելի թանկացնում են վարձը կամ երբ դուրս են հրավիրում վարձակալված բնակարանից։
Ոմանք թյուրիմացաբար կարծիք են հայտնում, թե այսպիսի վերաբերմունքը բնորոշ է քաղաքացիական հասարակություններին։ Այս պնդումները սխալ են։ Նորմալ պետություններում միայն սեփականատիրոջ շահը չեն պաշտպանում, պաշտպանում են նաև այն վարձակալին, որն ապրում է այդ տանը։ ԱՄՆ-ում, ԵՄ երկրներում, իրավական, սոցիալական պետություններում այսպիսի կամայականություն չկա, իշխանությունները պաշտպանում են մարդու իրավունքները։ Ոչ ոք չի կարող կամայականորեն թանկացնել վարձավճարը, առավել ևս դուրս հրավիրել վարձակալին։
Պարզ ասած՝ եթե ՀՀ-ն իսկապես իրավական, սոցիալական պետություն է, ինչպես գրված է ՀՀ սահմանադրության 1-ին հոդվածում, ապա ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը թանկացումների հետևանքով տուժած վարձակալի իրավունքները պաշտպանելու համար։ Եթե կրթությունը առաջնահերթություն է, ապա Կառավարությունն ի՞նչ է անում մարզերից Երևան եկող ուսանողներին կացարանով ապահովելու համար։ Ի՞նչ է անում 200 հազար դրամից պակաս աշխատավարձ ստացողներին բնակարանով ապահովելու համար։ Եվ ընդհանրապես՝ մարդկանց կենսական խնդիրների հանդեպ այսպիսի անտարբերություն դրսևորելուց հետո ինչպե՞ս են ժողովրդի անունից խոսում։
Թաթուլ Մկրտչյան