Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.
Նիկոլ Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ կարծես թե բավականին խնդիրներ են ավելանում եւ ավելանալու հացի մասով։ Օրինակ, բենզինի գինը հասնում է 600 դրամի՝ մեկ լիտրի դիմաց, գյուղմթերքների արտահանման սահմանափակները բարդացնում են մի ստվար շերտի կյանքը, գազի գինն է հայտնվում քաղաքական սակարկությունների խաղասեղանին։
Այս պայմաններում, պետք է ավելացնել զվարճանքները, հայտնի բանաձեւի կամ տրամաբանության համաձայն։
Սրան սակայն, ընդդիմադիր ուժերը պետք է վերաբերեն ուշադրությամբ, չթերագնահատեն այս գործոնի «կենսունակությունը»։ Պետք է ճանաչել հանրությանը, հատկապես, որ դրա ձեւավորման հարցում ընդդիմության մի որոշակի շերտ ունեցել է իր մասնակցությունը՝ իշխանության կարգավիճակում։ Ես նկատի ունեմ Հայաստանում արժեհամակարգային ու մտածողական անկման եւ սպառողական հասարակության ձեւավորման հանգամանքը։
Նիկոլ Փաշինյանի թեկուզ հարաբերական առավելությունն այն է, որ նա ճանաչում է հանրությանը։ Ընդգծեմ՝ ոչ միայն պարզապես իր ընտրազանգվածին, այլ հանրությանը առհասարակ, նաեւ ընդդիմության ընտրազանգվածին, նաեւ այսպես ասած «չեզոքներին» ու անտարբերներին։ Փաշինյանը լավ է ճանաչում հանրությանը, ի տարբերություն ընդդիմադիր ուժերի գերակշռող մեծամասնության։
Այստեղ կա խնդիր եւ այն չպետք է անտեսել, հետեւաբար պետք է մշակել լուծումներ, կլրացնել բացը։
Սա բոլորովին չի նշանակում, որ ընդդիմությունը պետք է Փաշինյանից ավելի շատ զվարճանք մատուցի եւ հաղթի այդպիսով։
Հարցն այն է, որ մեր հանրությունը այդուամենայնիվ միագիծ չէ։ Հետեւաբար, զվարճանքի պահանջարկը ամենեւին գերական կամ «անրմցելին» չէ։ Ուղղակի, Փաշինյանը ի վիճակի չէ բավարարել այլ պահանջարկ՝ առավել իմաստալից, առավել քաղաքական, առավել մշակութային ու քաղաքակրթական։ Նա բավարարում է զվարճա–ժամանցայինը։
Հետեւաբար, ընդդիմադիր ուժերի համար կարեւոր է հասկանալ «այլընտրանքային» պահանջարկների շրջանակն ու աշխատել դրա բավարարման հիմնարար լուծումների ուղղությամբ։ Դա կփոխի բալանս, դա կփոխի հասարակական–քաղաքական կյանքի հանդեպ հանրային վերաբերմունքի հաշվեկշիռ, կչեզոքացնի զվարճա–ժամանցային պահանջարկի դոմինանտությունը, այդպիսով ձեւավորելով սկզբունքորեն նոր իրավիճակ։