Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Փարիզում անցկացվելիք Միջազգային տիեզերական գագաթնաժողովին, որտեղ հանդես կգա ապագայի տիեզերական ենթակառուցվածքի հեռանկարներին նվիրված կլոր սեղանի շուրջ, հետևում է միջոցառման ծրագրից, որը հրապարակվել է Ֆրանսիայի ԱԳՆ էջում։
«Ապագայի տիեզերական ենթակառուցվածքի տեսլականը» քննարկումը նախատեսված է սեպտեմբերի 10-ին՝ տեղական ժամանակով 12:20-ին։
Փաշինյանից բացի, դրան կմասնակցեն Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, ԱՄԷ-ի կրթության նախարար Ահմադ Բելհուլ Ալ-Ֆալասին և Մեծ Բրիտանիայի բիզնեսի և առևտրի հարցերով նախարար Ջոնաթան Ռեյնոլդսը։
Գագաթնաժողովը տեղի է ունենում սեպտեմբերի 9–10-ը Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ։ Դրա ծրագրում ներառված են նաև Մակրոնի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ելույթները, ուղիղ կապ Միջազգային տիեզերակայանի հետ՝ տիեզերագնաց Սոֆի Ադենոյի մասնակցությամբ, ինչպես նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի տեսաուղերձը։
Գագաթնաժողովի շրջանակում կկայանան նաև քննարկումներ արագ փոփոխվող աշխարհի պայմաններում տիեզերական ոլորտի ապագայի, տիեզերական անվտանգության և տիեզերական ոլորտի զարգացման վերաբերյալ աֆրիկացի առաջնորդների տեսլականի մասին։