Հայաստանն ու Չեխիան քննարկում են Երևանի մետրոյի կայարանի շինարարության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև ատոմակայանի օգտագործված վառելիքի պահպանման և վերամշակման ուղղություններով համագործակցության հնարավորությունները։ Այս մասին Չեխիա կատարած պաշտոնական այցն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։
Նախագահի խոսքով՝ էներգետիկայի, արդյունաբերության և տրանսպորտի ոլորտներում նախատեսվող ծրագրերի իրականացման համար արդեն կան որոշակի պայմանավորվածություններ։
«Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այժմ բանակցությունների մեջ է Չեխիայի տրանսպորտի նախարարության հետ՝ հիմնականում նաև Երևանի մետրոյի կայարանի շինարարության հետ կապված սարքավորումների վերաբերյալ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով։
Չեխիան, նախկինում՝ Չեխոսլովակիան, ավելի շատ հայտնի էր հենց տրամվայների և տրոլեյբուսների վագոնների արտադրությամբ, և հիմա մենք փորձում ենք հասկանալ, թե որքանով է հնարավոր օգտագործել Չեխիայի ներուժը»,- ասաց Խաչատուրյանը։
Նախագահի ներկայացմամբ՝ Չեխիայի հետ քննարկումների մյուս կարևոր ուղղությունն ատոմակայանի վառելիքի պահպանումն է։ Նա հույս հայտնեց, որ կողմերը կկարողանան պայմանավորվածություններ ձեռք բերել՝ այդ ոլորտում Չեխիայի ունեցած հնարավորություններից օգտվելու վերաբերյալ։
«Կարծում եմ՝ պայմանավորվածություններ կլինեն նաև ատոմակայանի վառելիքի պահպանման համար Չեխիայի ունեցած համապատասխան հնարավորություններն օգտագործելու վերաբերյալ։ Չեխիան այսօր հայտնի է այդ բնագավառում, և հույս ունենք, որ այդ պայմանավորվածությունները ձեռք կբերվեն ու մենք կկարողանանք լուծել նաև օգտագործված վառելիքի պահպանման հարցերը, որովհետև դրանք էական նշանակություն ունեն։Առավել ևս, որ ատոմակայանը սկսել է աշխատել, և մենք ևս հինգ տարի՝ մինչև 2031 թվականն, ունենք լիարժեք թույլտվություն։ Դրանից հետո, հավանաբար, ևս հինգ տարի կունենանք։ Դա նշանակում է, որ օգտագործված վառելիքի պահպանման և վերամշակման հարցը լինելու է օրակարգում»,- նշեց ՀՀ նախագահը։ Խաչատուրյանի խոսքով՝ Հայաստանն ու Չեխիան համագործակցության ծրագրեր և նախագծեր ունեն նաև այլ ոլորտներում։ Երկու երկրների գործարարների հանդիպման հնարավորություն կարող է ստեղծվել աշնանը նախատեսվող հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում։
«Այլ բնագավառներում նույնպես Չեխիայի հետ համագործակցության ծրագրեր, նախագծեր ունենք։ Աշնանը նախատեսվում է միջկառավարական հանձնաժողովի հանդիպում, և կարծում եմ՝ պետք է մեր գործարար շրջանակներին միմյանց հետ հանդիպելու հնարավորություն տալ»,- ասաց Վահագն Խաչատուրյանը։