Ներքին Միտք 7 րոպե առաջ - 16:00 04-09-2026

Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Հանրության համար շատ ցավալի է, որ ավտովթարներն ունենում են ողբերգական ելք, մահանում են մարդիկ։

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17։17-ին, Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում բախվել են «ՊԱԶ» և Opel Zafira մեքենաները, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, 5 հոգի մահացել են, 11-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Հնարավո՞ր է մահվան ելքով ավտովթարները նվազեցնել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ այս վթարի մեղավորը եղել է Opel Zafira-ն, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատային բախում ունեցել Երևան-Արթիկ երթուղին սպասարկող «ՊԱԶ» ավտոբուսի հետ։ Այսինքն՝ այս վթարը չէր լինի, եթե Opel Zafira-ն դուրս չգար հանդիպակաց գոտի։ Վարորդները սրանից դաս կքաղե՞ն, հանդիպակաց դուրս գալուց ձեռնպահ կմնա՞ն։

Սա միայն մի քանի ընտանիքի ողբերգությունը չէ։ 5 հոգու կյանք խլած ողբերգական ավտովթարը սոցիալական ողբերգություն է։ Գուցե քաղաքականություն որոշողները այստեղ չտեսնեն իրենց մեղքը, սակայն այն կա։

Առաջին պատասխանատուն ՆԳՆ-ն է, որը կարող է կրթական տեսանյութեր պատրաստել վարորդների համար, բացատրել, որ զգույշ վարեն, պահպանելով երթևեկության կանոնները, ռիսկի չդիմեն և մեծ արագությամբ ընթանալիս դուրս չգան հանդիպակաց գոտի։

Ապարան-Քուչակ ճանապարհին արագության սահմանաչափը 90 է։ Այս ճանապարհը մեկ գոտի է, հանդիպակաց գոտուց բաժանված է գծանշումով։ Վազանց կատարելիս վարորդը դուրս է գալիս հանդիպակաց գոտի։ Եթե սա մայրուղի է, ապա ինչո՞ւ է մեկ գոտի։ Այս ողբերգական վթարից հետո իշխանությունները գուցե կիջեցնեն այս ճանապարհի արագության սահմանաչափը, գծանշումը կփոխարինեն արգելապատնեշով, որ հանդիպակաց գոտի անցնել հնարավոր չլինի։

Տևական ժամանակ իշխանությունները պահանջում են հրաժարվել հին ավտոմեքենաներից, շահագործումից հանել հին, մաշված, դարն ապրած մեքենաները։ Ի՞նչ գործ ունի ավտոճանապարհին «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը։

Տաքսու վարորդների վարքը նույնպես քննարկման առարկա է։ Բազմաթիվ քաղաքացիներ են ահազանգում, որ տաքսիստները ռիսկային են վարում, վթարային իրավիճակներ են ստեղծում։ Ինչո՞ւ են տաքսիստներն այսպես անպատասխանատու կերպով վարում։ Ինչո՞ւ նրանց բարեվարքությունը չեն ստուգում նախքան տաքսու ղեկը վստահելը։ Ընդհանրապես՝ ի՞նչ կարելի է անել, որ տաքսու վարորդները նորմալ վարեն, ողբերգական վթարների մեջ չընկնեն։

Հունիսի 7-ի ընտրություններից առաջ կարգազանց վարորդների համաներում հայտարարվեց։ Ճի՞շտ արեցին, որ մի քանի քվեի համար ներեցին կարգազանց վարորդներին։ Ենթադրելի էր, որ այս համաներումը վատ արձագանք էր ստանալու։ Վարորդները չէին վախենում ռիսկային վարելուց, վթարների մեջ ընկնելուց, վարորդական իրավունքից զրկվելուց, քանի որ առաջիկա ընտրություններից առաջ ներվելու էին։ Վարորդներին ներած Նիկոլ Փաշինյանն այս ողբերգական վթարի մեջ իր պատասխանատվության բաժինը տեսնո՞ւմ է։

Աշխատատեղերի ավելացող թվերով պարծեցող իշխանությունները կարո՞ղ են ասել, թե ինչո՞ւ են այսքան շատ մարդիկ տաքսի վարում։ Նրանք ավելի լավ աշխատանք չունե՞ն, նրանց աշխատավարձը չի բավարարո՞ւմ։ Եթե տաքսու վարորդը նորմալ աշխատավարձով աշխատանք ունենար, ապա, հավանաբար, տաքսի չէր վարի։ Աշխատանքի ու բարեկեցության նախարարությունն այս ողբերգության մեջ պատասխանատվության բաժին ունի՞։

Ինչո՞ւ Երևանից Վանաձոր գնացողները ավտոբուսով չեն գնում, այլ տաքսիներով։ Եթե իշխանությունները հարմարավետ ավտոբուսներով կազմակերպեին Երևան-Վանաձոր ուղևորափոխադրումը, ապա մարդիկ չէին նստի Opel Zafira տաքսին, ռիսկի չէին դիմի, ավտովթարի չէին ենթարկվի ու չէին զոհվի։ ՏԿԵՆ-ն այս ողբերգական ավտովթարի մեջ պատասխանատվության իր բաժինը տեսնո՞ւմ է։

Կարճ ասած՝ լավատեսություն կա, որ ողբերգական այս ավտովթարից հետո իշխանությունները կգիտակցեն իրենց պատասխանատվության բաժինը, հավելյալ ուշադրություն կդարձնեն ռիսկային ավտոճանապարհներին, կարգելեն ռուսական, հին ավտոմեքենաները, կստուգեն տաքսու վարորդների բարեվարքությունը, նորմալ ավտոբուսներով կկազմակերպեն Երևան-Վանաձոր ուղևորափոխադրումը, որ նման դեպքեր չկրկնվեն։
Թաթուլ Մկրտչյան