Գործող իշխանությունը տարիներ շարունակ հայտարարում է մրցակցային ու արդար ընտրությունների մասին, սակայն Մայր բուհում ռեկտորի ընտրությունն անցնում է ընդամենը մեկ թեկնածուով:
Ժամանակին ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար պայքարում էր 7-8 թեկնածու, իսկ այսօր ակադեմիական շրջանակները կարծես հրաժարվում են մրցակցությունից:
ԵՊՀ գործող ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերին, սակայն հոգաբարձուների խորհրդի նախագահ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մրցույթը կազմակերպել է 3 ամիս շուտ:
Թե ինչ բացատրություն ունի այս հապշտապությունը,
Oragir.News-ը փորձել է պարզել հասարակական գործիչ, իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի հետ զրույցում։ «Թե՛ 2021 թվականի, թե՛ այս տարվա ԵՊՀ ռեկտորի ընտրությունները իրականում խնդրահարույց են օրենքի տեսանկյունից։
2021-ի դեկտեմբերին ԵՊՀ ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը․ տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ են ընտրություններն անցկացվում ոչ թե դեկտեմբերին, այլ 3 ամիս շուտ՝ սեպտեմբերին։ Խնդիրը բավականին խորն է, և նպատակը պոտենցիալ ուժեղ թեկնածուների առաջադրումն արգելափակելն է»,- նշում է Հեքիմյանը՝ բացելով փակագծերը։
«Բուհի ղեկավարությունը, քաջ գիտակցելով, որ «Հիմնադրամների մասին» օրենքի նոր խմբագրությունը (որով հանվելու է ղեկավարների 65 տարվա տարիքային սահմանափակումը) շուտով պետք է հրապարակվի, շատ արագ կազմակերպեց ռեկտորի ընտրությունները։ Եթե ընտրությունները կայանային օրենքով նախատեսված ժամկետում՝ դեկտեմբերին, ապա մինչ այդ օրենքի նոր փոփոխությունն արդեն ուժի մեջ մտած կլիներ։
Արդյունքում՝ այն մարդիկ, ովքեր տարիքային սահմանափակման պատճառով հիմա չեն դիմել, դեկտեմբերին կունենային այդ հնարավորությունը և կառաջադրվեին։ Խոսվում է, որ ԵՊՀ գործող ռեկտորը նույնիսկ Սահմանադրական դատարանի մակարդակով ուժեղ լոբինգ է իրականացրել՝ նախ, որպեսզի օրենքի այդ փոփոխության ուժի մեջ մտնելը որոշ չափով ուշանա, և երկրորդ՝ որպեսզի բուհում ընտրություններն արագ կայանան ու ավարտվեն հին օրենքի պայմաններում»։
Հեքիմյանի խոսքով՝ գործող օրենսդրական բացը լուրջ դերակատարում ունեցավ մրցակցությունը սպանելու հարցում. «Ես անձամբ խոսել եմ հանրության մեջ հարգված առնվազն երկու լուրջ մասնագետների հետ, որոնք պատրաստվում էին թեկնածություն առաջադրել և ունեին ռեկտոր ընտրվելու մեծ շանսեր։ Սակայն նրանցից մեկը 63 տարեկան է, մյուսը՝ 64։
Քանի որ առաջադրումների փուլում դեռ գործում էր տարիքային սահմանափակման հին օրենքը, նրանք անիմաստ համարեցին հայտ ներկայացնելը: Պատճառն այն է, որ 65 տարին լրանալուն պես նրանք ստիպված էին լինելու թողնել պաշտոնը, իսկ 1-2 տարվա մեջ համալսարանում ոչ մի լուրջ զարգացման ծրագիր հնարավոր չէ իրականացնել»։
Հիշեցնենք՝ 2026 թ. օգոստոսի 14-ին հայտարարվել է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթ: Օգոստոսի 31-ին հայտագրման ժամկետն ավարտվել է, և սահմանված ժամկետում դիմել է միայն մեկ թեկնածու՝ գործող ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Փակ գաղտնի քվեարկությունը նախատեսված է սեպտեմբերի 11-ին: Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Մովսիսյան