Ներքին 1 ամիս առաջ - 16:00 03-09-2026

Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան

Բիշքեկում Պուտին–Փաշինյան հանդիպման հրապարակային հատվածը, իսկ առավել ևս դրան հաջորդած ռուսական տեղեկատվական արձագանքը, բավական հստակ քաղաքական ուղերձ են պարունակում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական ուժի ներկայացուցիչ Դավիթ Անանյանը։

Նա մասնավորապես, նշել է. «Ըստ էության, Փաշինյանին Մոսկվա հրավիրելը սովորական դիվանագիտական հրավեր չէր։ Դա ավելի շատ վերջնագրի տրամաբանություն ուներ՝ եթե գալիս ես Մոսկվա, պետք է գաս Բիշքեկից տարբերվող օրակարգով։ Բիշքեկում Փաշինյանը փորձեց պահպանել վերջին տարիների իրեն բնորոշ երկիմաստությունը՝ մի կողմից շարունակել խոսել եվրոպական ինտեգրման մասին, մյուս կողմից չհրաժարվել ԵԱՏՄ տնտեսական հնարավորություններից և հնարավորինս երկար հետաձգել վերջնական ընտրությունը։

Սակայն այս անգամ Մոսկվայի պատասխանը բավական պարզ էր. ընտրությունը Հայաստանի իրավունքն է, բայց այդ ընտրությունը պետք է կատարել։ Ավելին՝ Պուտինը հրապարակայնորեն առաջարկեց հարցը հանձնել Հայաստանի ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով և «փակել թեման»։

Իսկ արդեն հաջորդ քայլը՝ Փաշինյանին Մոսկվա հրավիրելը, ըստ էության, կարելի է կարդալ այսպես. Մոսկվայում այլևս քննարկելու իմաստ ունի ոչ թե Բիշքեկում հնչած նույն բացատրությունները, այլ Հայաստանի հետագա արտաքին քաղաքական և ինտեգրացիոն ուղեգծի վերաբերյալ կոնկրետ պատասխանները։

Այլ կերպ ասած՝ եթե Մոսկվա գնալու համար նոր օրակարգ չկա, եթե Փաշինյանը պատրաստվում է կրկնել Բիշքեկի նույն թեզերը և շարունակել «և՛ այստեղ, և՛ այնտեղ» քաղաքականությունը, ապա այդ այցի քաղաքական անհրաժեշտությունն էլ գրեթե վերանում է։

Սա, թերևս, Բիշքեկի հանդիպման ամենակարևոր արդյունքն էր։ Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում։ Սպասում է որոշման։

Եվ հիմա հարցն այն է, թե Փաշինյանը Մոսկվա գնալու է որոշո՞ւմ ներկայացնելու, թե՞ հերթական անգամ ժամանակ շահելու։ Ամեն դեպքում, եթե ասելիք չկա, դիվանագիտական լեզվով ասած` մոսկովյան այցը կարող է նաև հետաձգվել»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան