Ներքին Միտք 1 ամիս առաջ - 23:07 25-08-2026

Փաշինյանը կրկին որդեգրել է նույն՝ չաշխատող և ձախողված մարտավարությունը. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը գրել է․

Փաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը:

2023 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքով։ Միաժամանակ նա արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է։

Այս քայլի հիմքում այն հաշվարկն էր, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ տարածքով ճանաչելուն Ադրբեջանը կպատասխանի համարժեք քայլով՝ կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և կազատի իր կողմից օկուպացված՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքները։

Սակայն Ադրբեջանը բոլորովին այլ կերպ վարվեց։ Հայաստանի կողմից իր տարածքային ամբողջականության ճանաչումն Ադրբեջանն օգտագործեց բոլոր միջազգային հարթակներում՝ պնդելու համար, որ այլևս ո՛չ միջազգային որևէ ատյան, ո՛չ էլ Հայաստանը իրավասու չեն քննարկելու Լեռնային Ղարաբաղին առնչվող որևէ հարց, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցն այսուհետ Ադրբեջանի ներքին հարցն է։

Միևնույն ժամանակ Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը որևէ կոնկրետ քարտեզի հիման վրա չճանաչեց։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը հետագայում ստիպված եղավ վերանայել Հայաստանի տարածքի՝ իր իսկ հայտարարած չափը՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը դարձնելով 29 հազար 743։

Այժմ Փաշինյանը կրկին որդեգրել է նույն՝ չաշխատող և ձախողված մարտավարությունը։ Նա հայտարարում է, որ Տիգրանաշենը պատկանում է Ադրբեջանին՝ միաժամանակ նշելով, որ Արծվաշենը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը՝ ըստ ամենայնի ակնկալելով, որ Ադրբեջանն էլ համարժեք քայլ կանի՝ կճանաչի Արծվաշենը որպես Հայաստանի Հանրապետության տարածք և այն վերադարձնելու պատրաստակամություն կհայտնի։

Բայց բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ, ինչպես նախորդ դեպքում, այս անգամ ևս Հայաստանը միակողմանի զիջման է գնում՝ անհիմն և անիմաստ կերպով իր տարածքի մի մասը՝ Տիգրանաշենը, հռչակելով Ադրբեջանին պատկանող տարածք։ Իսկ Արծվաշենի հարցը մնալու է սահմանազատման գործընթացի օրակարգում, ինչպես մինչ օրս չլուծված են մնում Ադրբեջանի կողմից օկուպացված՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող մյուս տարածքների հարցերը։

Ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա անգամ մեկ միլիմետր հող, որը պատկանում է Ադրբեջանին, և չկա որևէ իրավական հիմք, որով ադրբեջանական կողմը կարող է վիճարկել այս պնդումը։ Դա նաև հենց Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արտահայտած դիրքորոշումն էր, որն իրավական և հիմնավոր էր։

Եթե անգամ այսօր Փաշինյանի դիրքորոշումը փոխվել է, դրանից իրավական հիմքերը չեն փոխվել։
Ադրբեջանն այս ամբողջ ընթացքում որևէ ապացույց չի ներկայացրել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում իրեն պատկանող հողեր կան։ Չի ներկայացրել, որովհետև իրականում նման իրավական հիմքեր ՉԿԱՆ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ