Ֆիլմ 5 ամիս առաջ - 21:30 15-03-2026

Հուշարձանները վերականգնո՞ւմ են, թե՞ ոչնչացնում

Վերջին օրերին քննարկումների թեմա են դարձել Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող Սուրբ Նիկոլայոս Սքանչելագործ եկեղեցու պատմական հուշարձանի վերականգնման աշխատանքները։

Մի շարք մասնագետներ և ոլորտով հետաքրքրվող քաղաքացիներ սոցիալական ցանցերում մտահոգություն են հայտնում՝ նշելով, որ վերականգնումից հետո եկեղեցին անճանաչելիորեն փոխվել է և կորցրել իր նախկին տեսքը։

Արևելագետ Դավիթ Վարդազարյանը, ով երկար տարիներ զբաղվում է մշակութային ժառանգության պահպանության հարցերով, ընդգծում է, որ հայկական եկեղեցիների մի մասը վնասվել է հենց վերականգնման աշխատանքների ընթացքում։

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը նույնպես հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Սուրբ Նիկոլայոս Սքանչելագործ եկեղեցու վերականգնման շուրջ բարձրացված մտահոգություններին։ Մասնավորապես՝ պարզաբանվել է ուղղափառ եկեղեցու անբնական գույնի հարցը, որը վերջին շրջանում լայն քննադատության էր արժանացել։

Պետական կառույցների տվյալներով՝ Հայաստանում հաշվառված է շուրջ 25 հազար պատմամշակութային հուշարձան՝ ներառյալ նորահայտները։ Դրանցից ավելի քան 700-ը համարվում է վտանգված, իսկ 600-ից ավելին գտնվում է վթարային վիճակում։ Միաժամանակ երկրում իրականացվում է մոտ 20 վերականգնման ծրագիր։

Չնայած ԿԳՄՍ նախարարությունը պետական բյուջեից զգալի միջոցներ է հատկացնում տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների համար, հաճախ վերջնական արդյունքը չի արդարացնում սպասումները․ աշխատանքները ձգձգվում են, երբեմն իրականացվում են անորակ կամ կարճ ժամանակ անց կրկնակի վերանորոգման կարիք են ունենում։

Մանրամասները՝ Հասմիկ Մովսիսյանի պատրաստած ֆիլմում։