Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 14:55 23-10-2025

Աղիքային ցուպիկն ու մանրէները համատարած չեն եղել․ «Իգիթ»-ից վստահեցնում են՝ խախտումները վերացրել են

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Իգիթ» ՍՊԸ-ին (Շիրակ, գ.Ազատան) պատկանող կաթնամթերքի արտադրամասում: Ստուգման ընթացքում իրականացվել է ապրանքատեսակների նմուշառումներ, որոնք հանձնել են լաբորատոր հետազոտության։

Տեսչական մարմնից Oragir.News-ին հայտնել են, որ ըստ փորձաքննության արդյունքների՝ «Կարագ սերուցքային 82.5%» (արտադրված՝ 30․09․2025) արտադրատեսակում ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով, ինչպես նաև «Պանիր Լոռի», «Կաթ պարունակող կաթնային մթերք պատրաստված Չանախ պանրի տեխնոլոգիայով» և «Կաթ պարունակող կաթնային մթերք պատրաստված պանրի տեխնոլոգիայով (Շիրակ)» արտադրատեսակների նմուշներում ԱՑԽՄ ցուցանիշներով արձանագրվել են շեղումներ՝ չհամապատասխանելով Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ «Իգիթ» ՍՊԸ-ի ստուգումը եղել է 2025 թվականի տարեկան պլանի շրջանակում, որը կազմվում է ռիսկերի վերլուծության հիման վրա։

«Բարձր ռիսկային տնտեսավարողները ստուգվում են տարեկան մեկ անգամ, միջինները՝ երեք տարին մեկ, իսկ ցածր ռիսկայինները՝ հինգ տարին մեկ անգամ։ Ռիսկայնությունը գնահատվում է հաշվի առնելով ոլորտային և անհատական գործոնները»,- նշեցին տեսչական մարմնից։

Լաբորատոր հետազոտությունների ընթացքում կատարվել են կաթնայուղի ճարպային կազմի, զանգվածային մասի և մանրէաբանական փորձաքննություններ՝ դասական մեթոդաբանությամբ։

Ինչ վերաբերում է սպառողների առողջության ռիսկերին, ապա տեսչական մարմնից հայտնեցին, որ անհանգստացնող ահազանգեր չեն ստացվել, սակայն նման խախտումները կարող են առաջացնել աղեստամոքսային խանգարումներ՝ փորլուծություն, սրտխառնոց և այլն։

Տեսչական մարմինը նաև շեշտում է, որ ոլորտի սանիտարահիգիենիկ վիճակի բարելավման հիմնական ուղղությունը HACCP (վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետեր) համակարգի ներդրումն է կաթնամթերքի արտադրություններում։

Oragir.News-ը մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց նաև «Իգիթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ։ Ընկերությունում հաստատեցին, որ խնդիրը վերաբերում է միայն 30․09․2025-ին արտադրված արտադրանքին, և այն համատարած բնույթ չի կրել, ամբողջ խմբաքանակը հետ է կանչվել և ոչնչացվել։

«Խնդիրը կապված է եղել կոնկրետ օրվա արտադրանքի հետ։ Կասեցումը վերաբերում է միայն այդ արտադրատեսակներին։ Մեր արտադրամասը շարունակում է աշխատել, մյուս ապրանքատեսակների մասով խախտումներ չեն արձանագրվել»,- նշեցին ընկերությունից։

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ արդեն իրականացվել է կրկնակի նմուշառում, և նրանք սպասում են լաբորատոր արդյունքներին։

«Շտկման աշխատանքները գրեթե ավարտված են՝ շուրջ 90%-ով։ Վստահ ենք, որ կրկնակի հետազոտությունները ցույց կտան նորմալ արդյունքներ»,- հավելեցին նրանք։

Ընկերությունում ընդգծում են, որ ունեն սեփական լաբորատորիա, որտեղ ամեն օր ստուգում են մթերվող հումքը, մինչդեռ պատրաստի արտադրանքի մանրէաբանական ստուգումներ իրականացվում են 10-15 օրը մեկ կամ արտահանման ժամանակ։

«Մեր սանիտարահիգիենիկ պայմանները նորմալ են։ ԱՑԽՄ-ի առկայությունը միշտ էլ հնարավոր է տարբեր պատճառներով՝ ջրից, տարաներից կամ օդից։ Այժմ մանրամասն ուսումնասիրում ենք՝ հասկանալու համար, թե որտեղից է առաջացել շեղումը»,- ասացին ընկերությունից։

Ընկերությունում հավելեցին, որ իրենց արտադրամասում ներդրված են ISO և HACCP համակարգեր, իսկ վերահսկողությունն իրականացվում է պարբերաբար։

Հիշեցնենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կրկնակի լաբորատոր փորձաքննություններից հետո կորոշի՝ վերացնե՞լ արտադրանքի կասեցման միջոցը, թե՞ այն կշարունակի մնալ ուժի մեջ։


Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին