Ներքին 2 տարի առաջ - 13:56 28-06-2024

Հայաստանում առաջին անգամ հանդիսավոր կերպով նշվեց Կանադայի օրը

Երևանում հունիսի 27-ին ՀՀ-ում Կանադայի նորաբաց դեսպանության կողմից առաջին անգամ կազմակերպվել և անցկացվել է Կանադայի 157-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն:

Տոնակատարության մասնակիցների թվում էին ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա մի շարք դեսպաններ, ՀՀ կառավարության և Ազգային ժողովի պատգամավորներ, այլ հյուրեր:

Հանդիսավոր արարողության մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Կանադայի դեսպանն, ով ներկաներին ողջույնեց հայերենով՝ նշելով, որ հայոց լեզուն սովորում է դեսպան նշանակվելու առաջին օրից:

«Հարգելի հյուրեր, այսօր պատմական օր է՝ մեր դեսպանատան բացումից ի վեր առաջին անգամ նշվում է Կանադայի օրը: Սկսած հոկտեմբերից, երբ բացվել է դեսպանատունը, Կանադայի և Հայաստանի միջև հարաբերություններն ավելի են ամրապնդվել»,-իր խոսքում նշեց Հայաստանում Կանադայի դեսպանը՝ հավելելով, որ երկրի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի՝ 2023 թվականի հոկտեմբերին կատարած այցին հաջորդել են խորհրդականների և տարբեր այլ պաշտոնյաների այցելությունները Հայաստան:

Դեսպանը ներկաներին հաղորդեց, որ Կանադայի կանանց, խաղաղության և անվտանգության դեսպանի այցը Հայաստան ընդգծել է համընդհանուր արժեքները, որոնք կիսում են երկու երկրները:

Էնդրյու Թըրները նաև տեղեկացրեց, որ մի քանի ամսվա ընթացքում այցելել է Հայաստանի տարբեր վայրեր և հանդիպել բազմաթիվ հայերի, այդ թվում՝ կանադահայերի, իսկ երկրի գեղեցկությունը, հյուրընկալությունն ու ջերմությունն անհավանական են եղել:

«Ամենակարևորը, դեսպանությունը ցույց է տալիս Կանադայի նվիրվածությունն՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Այն ցույց է տալիս նաև աջակցությունն Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին և Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին»,-ընդգծեց դեսպան Թըրները՝ հստակեցնելով, որ այդ աջակցությունն իրականացվում է դիվանագիտության, հումանիտար աջակցության միջոցով, ՀՀ ազգային ժողովին և քաղաքացիական հասարակությանն աջակցելով, և իհարկե, նրանով, որ Կանադան միացել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությանը՝ լինելով ԵՄ անդամ չհանդիսացող երկիր:

Ելույթի ավարտին դեսպանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին հանդիսավոր արարողությանը մասնակցելու և Կանադայի օրը նշելու համար:

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ՀՀ կառավարության անունից ազգային տոնի կապակցությամբ ողջունեց և շնորհավորեց ներկաներին:

«Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրներին հաջողվել է երկկողմ օրակարգի, արդյունավետ համագործակցության և գործընկերության ամուր հիմքեր կառուցել, որոնք հիմնված են բարեկամության, փոխադարձ հարգանքի և համընդհանուր արժեքների վրա»,-նշեց փոխնախարարն՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Կանադան պահպանում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որում մեծ ներդրում ունի նաև Հայաստանում Կանադայի նորաբաց դեսպանությունը:

Պարույր Հովհաննիսյանն իր խոսքում նաև ընդգծեց, որ Երևանը գնահատում է Կանադայի սկզբունքային դիրքորոշումն՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարության զարգացմանը: Նա նաև շնորհակալություն հայտնեց Կանադային Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության շրջանակներում ունեցած շարունակական աջակցության համար:

«Մենք խորապես գնահատում ենք Կանադայի հումանիտար աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին»,-ասաց ԱԳ փոխնախարարը՝ շեշտելով, որ Հայաստանը շահագրգռված է Կանադայի հետ զարգացնել նաև տնտեսական կապերը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա

Ձեզ գուցե հետաքրքրի