Ներքին 2 տարի առաջ - 19:52 24-04-2024

Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ

ԱՄՆ-ում հայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հաղորդել է ամերիկյան The Daily Californian պարբերականը։

Նշվում է, որ Հայ ուսանողների ասոցիացիան կազմակերպում է մեկշաբաթյա միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակմանն ու իրազեկման բարձրացմանը, ինչպես նաև այլ ոճրագործությունների կանխարգելմանը: Նախանշված են մի շարք մշակութային և ոգեկոչման միջոցառումներ, այդ թվում՝ սեմինար, մոմավառություն՝ 1.5 միլիոն նահատակված հայերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով, ովքեր զոհվել են 1915-1923 թվականներին Հայոց ցեղասպանության ժամանակ։

Նախատեսված է նաև ֆիլմի ցուցադրություն՝ մարդկանց պատմական իրողություններին ծանոթացնելու համար:

Հայ ուսանողների ասոցիացիան նաև վաճառում է հայկական հացաբուլկեղեն (Գաթա) և դրամահավաքի շրջանակում աջակցում է հայ վետերաններին՝ «Հայ վիրավոր հերոսներ» ծրագրի միջոցով: Ասոցիացիայի անդամներն ամբողջ շաբաթվա ընթացքում կաշխատեն տեղեկատվական տաղավարում 24/7 ռեժիմով: Տաղավարում տեղակայված է ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հայտնի հուշարձանը՝ Հայաստանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ձեռագործ կրկնօրինակը:

«Սա միջոց է, որպեսզի մենք բոլորս կապ հաստատենք մեր արմատների հետ և հասկանանք այն մեծ զոհաբերությունը, որ մատուցել են մեր հարազատներն ու հայրենակիցները»,- ասում են ակցիայի մասնակիցները:

Պարբերականը գրում է, որ հոկտեմբերից սկսած՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ Հայ ուսանողների ասոցիացիան աջակցություն հավաքելու նպատակով կազմակերպել է դրամահավաք: Թերթը հայտնում է, որ վերոհիշյալ մեկշաբաթյա միջոցառումն ավելի մեծ թափ է հավաքել, քան նախորը:

Հայ ուսանողների ասոցիացիայի անդամ Թոնի Օրդուխանյանը պատրաստվում է ելույթ ունենալ Կալիֆորնիայի համալսարանի ասոցացված ուսանողների Սենատում, որտեղ նա նախատեսում է ոգեկոչել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը, ինչպես նաև խոսել շարունակվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նա նշել է, որ իր նպատակն է պատմել, թե ինչու 1915 թվականի ապրիլի 24-ը պատմական նշանակություն ունի հայ համայնքի և ավելի մեծ հասարակության համար:

Նա իր հիասթափությունն է հայտնել Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանին պատժելու մասին օրինագիծ ներկայացնելու հարցում դաշնային կառավարության դանդաղ քայլերի կապակցությամբ:

«Իրազեկման շաբաթը մեզ համար առանձնահատուկ է։ Որպես սփյուռք, իսկապես կարևորում ենք այդ նախաձեռնությունը, քանի որ մենք սփռված ենք աշխարհով մեկ: Նուռը Հայաստանի խորհրդանիշն է։ Երբ այն բացում ես, հատիկները փռվում են շուրջը»,- եզրափակել է Թոնի Օրդուխանյանը։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր