Սպորտ 18 րոպե առաջ - 17:30 15-11-2026

Հայաստանի դեմ կազմում կլինի 2-3 փոփոխություն․ Լատվիայի ընտրանու մարզիչ

Լատվիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պաոլո Նիկոլատոն Հայաստանի ընտրանու դեմ Ազգերի լիգայի խաղարկության հանդիպմանն ընդառաջ կայացած մամուլի ասուլիսում խոսել է Չեռնոգորիայից կրած ցավալի պարտության, թիմի կադրային խնդիրների, տակտիկական լուծումների և առաջիկա դիմակայության սպասելիքների մասին։ Գրում է Armsport-ը:

Իտալացի մասնագետը տեղեկացրել է, որ Հայաստանի դեմ խաղում մեկնարկային կազմում սպասվում է 2-3 փոփոխություն, սակայն թիմի խաղային ձեռագիրն ու հիմնական կորիզը կմնան անփոփոխ։

Անդրադառնալով նախորդ տուրում Չեռնոգորիայից կրած 1:2 հաշվով պարտությանը (մրցակիցը երկար ժամանակ խաղում էր 10 հոգով, սակայն լատվիացիները վերջնամասում ձեռքից բաց թողեցին ոչ միայն հաղթանակը, այլև ոչ-ոքին)՝ Նիկոլատոն նշել է, որ վերջին 8 րոպեների ընթացքում մրցակիցը մոտ 2 ակնկալվող գոլի (xG) պահ է ստեղծել։

«Մենք իրոք շատ էինք ցանկանում հաղթել։ Նույնիսկ այն պահին, երբ Չեռնոգորիան հավասարեցրեց հաշիվը, շարունակում էինք հավատալ մեր հաջողությանը։ Արդյունքում կորցրինք խաղային կառուցվածքն ու հավասարակշռությունը՝ մրցակցին թույլ տալով վտանգավոր հակագրոհներ կազմակերպել և օգտվել ստանդարտ դիրքերից։ Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ տղաները պատրաստ էին գնալ առավելագույն ռիսկի հանուն հաղթանակի»,- նշել է մարզիչը։

Ըստ Նիկոլատոյի՝ իր թիմին դեռևս փորձ է պակասում նման իրավիճակներում խաղի տեմպը ճիշտ կառավարելու համար, սակայն նա գոհ է առաջին 85 րոպեներին ցուցադրած ֆուտբոլից։ Մասնագետը նաև պաշտպանել է երկրորդ խաղակեսում 4-4-2 սխեմայի անցնելու և երկու հարձակվողով խաղալու իր որոշումը.

«Այդ պահին դա ճիշտ քայլ էր։ Հաշիվը հավասար էր, ունեինք թվային առավելություն, ուստի պետք էր ռիսկի դիմել։ Եվս մեկ պաշտպան խաղադաշտ դուրս բերելը սխալ ազդակ կլիներ ֆուտբոլիստների համար։ Ես չեմ զղջում այդ որոշման համար»։

Իտալացին հավելել է, որ տակտիկական հավասարակշռության կորստի պատճառը ոչ այնքան սխեման էր, որքան ֆուտբոլիստների ավելորդ էմոցիաները։

Հայաստանի հավաքականի դեմ խաղին Լատվիան մոտենում է որոշակի կորուստներով։ Վերջին երկու օրերին առողջական խնդիրներ ունի Դենիս Մելնիկսը։
«Մելնիկսը բուժզննում է անցնում, և, անկեղծ ասած, նրա մասնակցության հավանականությունը բավականին ցածր է»,- ասել է մարզիչը։

Մարկուս Ստրոդսը ևս լիովին պատրաստ չէ, սակայն մարզչական շտաբը հույս ունի, որ նա կհասցնի շարք վերադառնալ։ Փոխարենը կազմ է վերադարձել Մաքսիմս Տոնիշևսկին, որը բաց էր թողել Չեռնոգորիայի դեմ խաղը։ Մյուս ֆուտբոլիստները պատրաստ են հանդիպմանը։

Խոսելով սպասվող ռոտացիայի մասին՝ Նիկոլատոն ընդգծել է, որ փոփոխությունները պայմանավորված են բացառապես ֆիզիկական գործոնով և խիտ գրաֆիկում բարձր ինտենսիվություն պահպանելու դժվարությամբ.

«Վաղը որոշ փոփոխությունների կարիք կունենանք, բայց դրանք շատ չեն լինի՝ հավանաբար 2-3 տեղաշարժ մեկնարկային կազմում։ Թիմը լավ է հանդես գալիս, և դա վերաբերում է ոչ միայն վերջին խաղին, այլև նախորդ հանդիպումներին։ Չեմ ցանկանում էականորեն փոխել ո՛չ խաղային սխեման, ո՛չ էլ թիմի առանցքը»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր