Ներքին 2 տարի առաջ - 19:07 01-04-2024

Ազգային ժողովի այգում նշվել է ճապոնական Հանամիի տոնը

Մենք հերթական անգամ մեր ավանդույթները չենք խախտում եւ նշում ենք Հանամիի տոնն Ազգային ժողովի այգում: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել Ձեզ, պարոն դեսպան, այս պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել այս կարեւոր գործում. ողջունելով ներկաներին՝ ասել է ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը: «Այս միջոցառումը լավ առիթ է՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ այլ խնդիրներից մի պահ կտրվելու եւ հաճելին օգտակարի հետ համատեղելու համար»,- նշել է բարեկամական խմբի ղեկավարը՝ հավելելով, որ նախատեսված է նաեւ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի հանդիպումը Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտակայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Ապրիլի 1-ին ««Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ԱԺ այգում արդեն 9-րդ անգամ նշվել է ճապոնական Հանամի տոնը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտական, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ, «Արումենիա-Նիպոն» միության անդամներ, այլ հյուրեր:

«Ինձ համար մեծ պատիվ է ձեզ հետ ներկա գտնվել ՀՀ ԱԺ-ի բակում տեղի ունեցող Հանամիի միջոցառմանը եւ այս գեղեցիկ, արեւոտ օրը վայելել սակուրայի գեղեցկությունը: Սակուրաները ծաղկել են, ինչպես ծաղկել են հայ-ճապոնական հարաբերությունները»,- իր խոսքում ընդգծել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտական: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ««Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն» հասարակական կազմակերպությանը, Ազգային ժողովին, Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբին՝ Հանամի տոնին նվիրված միջոցառումը կազմակերպելու համար:

Ճապոնագետ, «Արումենիա-Նիպոն» միության հիմնադիր նախագահ Աննա Վարդանյանը ներկայացրել է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ Արմենուհի Սիսյանին՝ նշելով, որ նրա ստեղծագործությունները թարգմանվել եւ տպագրվել են 32 լեզուներով, որոնց թվում՝ նաեւ ճապոներեն:

Հանամին ծաղկած սակուրաների ծաղիկների գեղեցկությամբ հիանալու ճապոնական ավանդական տոն է: Սակուրաների տնկարկումը ՀՀ ԱԺ այգում տեղի է ունեցել 2015 թվականի մայիսին՝ ի նշան հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամության: Տնկարկումը նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ ու Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության 70-րդ տարելիցներին:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել ծառզարդարի արարողություն. ներկաները ծաղկած սակուրաները զարդարել են «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի սաների պատրաստած թղթե կռունկներով՝ ի նշան խաղաղության:

Ամենից շատ դիտված

23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
11:36 Կենդանի թոշակառուին 1000 դրամ տալու համար պետությունը մահվան նպաստից է գումար խնայում, հետո դա էլ չի տալիս
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
09:15 Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը