Ներքին 2 տարի առաջ - 16:58 25-02-2024

«Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2023» ծրագրի առաջին շրջանավարտները հավաստագրեր են ստացել

«Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2023» ծրագրի առաջին շրջանավարտներն փետրվարի 24-ին ստացան հավաստագրեր։ Կրթական եզակի այս նախաձեռնության նպատակն էր ձևավորել ինտերակտիվ դասեր կազմակերպելու հմտություններ ունեցող, ժամանակակից մանկավարժական մեթոդներ կիրառող եւ սեփական փորձը գործընկերներին փոխանցելու կարողություններով օժտված առաջնորդ ուսուցիչներ: Կրթաթոշակային ծրագիրն իրականացնում է «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը՝ «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի աջակցությամբ։

«Երբ նախագծում էինք այս ծրագիրը, ցանկանում էինք ոչ միայն առանձնացնել և խրախուսել «չեմպիոն» ուսուցիչներին, որոնք կփոխեն դասի որակը, այլ նաև կերտել առաջնորդների, որոնք կրթական նորարարությունը կտարածեն իրենց դասարանից ու դպրոցից դուրս։ Աշակերտների կողմից շատ հաճախ մեզ հասած այն արձագանքը, թե՝ «Աշխարհացույց»-ն իրենց համար ստեղծել է 21-րդ դարին համահունչ կրթական միջավայր, վկայում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, կատարում ենք նպատակին ծառայող գործ։ Վստահ եմ, որ դուք դառնալու եք «Աշխարհացույց»-ի դեսպանները և շարունակելու եք այդ փորձառության տարածումը»,- ուսուցիչներին ուղղված իր խոսքում նշեց «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն և «Աշխարհացույց» կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը։

«Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2023» ծրագրին մասնակցել են 20 պատմության ուսուցիչ Երևանից և հանրապետության բոլոր մարզերից։

Ծրագրի դասընթացավար, կրթության միջազգային փորձագետ Սեդա Քոչարյանը քառամսյա առցանց ուսումնառության ընթացքում իր մենթիներին տվել է ժամանակակից ուսուցչին անհրաժեշտ աշխատանքային բոլոր հմտությունները և գործիքները։ Ծրագրի տրամաբանությամբ մենթոր-ուսուցիչներն իրենց գիտելիքներն ու փորձն այսուհետև փոխանցելու են դպրոցի կամ համայնքի մյուս մանկավարժներին։

«Չորս ամիս շարունակ մենք ակտիվորեն աշխատել ենք ծրագրի մասնակից ուսուցիչների հետ։ Հաջողությամբ ավարտելով և ճանաչվելով «Աշխարհացույց» ծրագրի մենթոր-ուսուցիչներ՝ նրանք դառնում են «Աշխարհացույց»-ի կրողն ու տարածողը, ովքեր պետք է աջակցեն իրենց գործընկերներին՝ տիրապետելու «Աշխարհացույց» կրթական հարթակի բոլոր նրբություններին և առաջնորդեն դեպի 21-րդ դարին համահունչ կրթության ուսուցում և դասավանդում»,- նկատեց «Աշխարհացույց» ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը։

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը 2021 թ. ստեղծել է «Աշխարհացույց» կրթական հարթակը (կայք՝ brainograph.com), որտեղ զետեղված են հայոց պատմություն, համաշխարհային պատմություն և աշխարհագրություն առարկաների վերաբերյալ հարուստ ուսումնական նյութեր, ինտերարակտիվ քարտեզներ և լուսանկարներ։

«Սա մեր ուսուցչական ամբողջ համայնքի ձեռքբերումն է, քանի որ ծրագրին մասնակցում է մեկը, սակայն նրա պտուղներից օգտվում են շատերը։ «Աշխարհացույցը» բարձրացնում է պետական չափորոշիչների լիարժեք իրականացման հնարավորությունները»,- ասաց Չարենցավանի համար երկու հիմնական դպրոցի ուսուցչուհի Սվետլանա Սահակյանը։

Մենթորական ծրագրի հաջորդ փուլը կմեկնարկի առաջիկայում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ