Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:17 07-11-2023

Երեխեքի հետ նկուղում էինք, երբ քաղաքապետը հայտնեց՝ թուրքերը Մարտակերտի մատույցներում են. արցախցի

33-ամյա Աննա Վանուշյանը ծնունդով Ջերմուկից է, դպրոցական էր, երբ ընտանիքի հետ Արցախ տեղափոխվեցին։ Աննան ասում է՝ միանգամից սիրեց Արցախը, այնտեղ էլ կազմեց իր ընտանիքը։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախից տեղահանված կինը պատմում է.

«Արցախը դարձել էր իմ օրրանը: Այնտեղ ապրել եմ 17 տարի, ամեն ինչ լավ էր մինչև 2020 թվականի չարաբաստիկ պատերազմը։ 2020 թվականին կորցրեցինք մեր տունը, մեր հայրենիքի մի մասը, ծնողներիս գերեզմանը Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղում։ 2020 թվականին տեղահանվեցինք Մարաղայից, բայց մեր հայրենիքը, մեր Արցախը շատ սիրելով նոյեմբերի 9-ից հետո վերադարձանք և շարունակեցինք ապրել Մարտակերտում։ Վարձով էինք ապրում, բայց մեզ համար ստեղծել էինք պայմաններ»։

Աննա Վանուշյանն ասում է՝ սեպտեմբերի 19-ին Արցախում ապրելու հեռանկարները փշրվեցին, չնայած որ Արցախում ապրելը անցած տարվա դեկտեմբերից (երբ Ադրբեջանը ապօրինաբար փակեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը) դժվարացել էր։

«Կռիվը, որ սկսվեց փոքր աղջիկս տանն էր, մեծը՝ դպրոցում... Ես խուճապահար աջ ու ձախ էի վազում ու գոռում, որ Մանես դպրոցում է։ Տեսնում եմ, որ ամուսինս ֆորման հագել, բատինկեքն է կոճկում ու ինձ ասում է՝ դու վազի երեխու հետևից, ես տղեքին հասնեմ ու ինքը դուրս է գնում տնից։ Բենզին չկա, ավտո չկա, ամուսինս մոտ 3 կմ վազելով հասնում է դիրքեր։ Ես, որ դուրս եկա դռների մոտ, տեսա աղջկաս ու իր ընկերուհուն. երեխեքին վերցրի ու մտանք նկուղ, սպասում էինք, որ հեսա կդադարի պատերազմը։ Մարտակերտի քաղաքապետը եկավ և ասեց, որ դուրս գանք, որովհետև թուրքերը Մարտակերտի մատույցներում են»,- պատմում է Արցախից բռնի տեղահանված կինը։

Աննայի ամուսինը Արցախի ԱԱԾ սահմանապահ զորքերում է ծառայել։
Սեպտեմբերի 26-ին են դուրս եկել Արցախից, Աննան կես կատակ-կես լուրջ ասում է՝ ամուսիններով որոշեցինք, որ գնալու ենք սահմանից հեռու։ Արցախից բռնի տեղահանված ընտանիքը ապրում է Գյումրիում, աշխատանք դեռևս չունեն, բայց պրպտումների մեջ են։ Աննան, որ Արցախին ավելի մոտ զգա իրեն և գյումրեցիներին ծանոթացնի Արցախի համեղ խոհանոցին, հավանաբար փախլավա և թխվածքներ կպատրաստի։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց