Ներքին 3 տարի առաջ - 19:15 09-03-2023

Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները կարևորել են գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը

Արաբական պետությունների լիգայի խորհրդի՝ նախարարական նիստին հրավիրված ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 9-ին Կահիրեում հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Եգիպտոսի ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունների, բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ: Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ հունվարին Եգիպտոսի նախագահի պատմական այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության ընդլայնման համար:

Արարատ Միրզոյանը և Սամեհ Շուքրին մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում երկու երկրների փոխգործակցության հեռանկարների շուրջ: Այս առումով կարևորվել է հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ՝ 6-րդ նիստի անցկացումը և գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային ու տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի:
Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելուն ուղղված հայկական կողմի ջանքերը և վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից լարվածության սրումը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Լաչինի միջանցքը՝ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:

Անդրադառնալով արաբական աշխարհի երկրների հետ Հայաստանի ավանդական բարեկամական հարաբերություններին՝ նախարար Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումներն ու անհիմն փորձերը, որոնք նպատակ են հետապնդում կրոնական երանգ հաղորդել բացառապես քաղաքական ու հումանիտար խնդիրներին և մոլորեցնել միջազգային հանրությանը:

Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանի նկատմամբ միջազգային հանրության ուշադրության պահպանման և շահագրգիռ դերակատարների կառուցողական ներգրավածության կարևորությունը:

Նախարար Միրզոյանը եգիպտացի գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում